Սփյուռքի համար կարևոր է ունենալ Սփյուռքի նախարարություն. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես նշել է, որ արժևորում է նախկինում Սփյուռքի նախարարության կատարած մեծ աշխատանքն ու լիահույս է, որ նոր կառավարության աշխատանքներում առաջնային կլինի սփյուռքը:

«Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում Արամ Ա-ն իր կարծքին է արտահայտել Սփյուռքի նախարարության կատարած աշխատանքների և ներկա կառավարության կողմից նախարարությունը փակելու որոշմանը մասին: Արամ Ա-ն մասնավորապես նշել է, որ Սփյուռքի նախարարության գոյությունը ռազմավարական ու խորհրդանշական է.

«Երբեմն խորհրդանշական իմաստը շատ ավելի կենսական է, քան թե ռազմավարական կամ քաղաքական: Սփյուռքի համար կարևոր է ունենալ Սփյուռքի նախարարություն: Կառավարության ընդհանուր կազմից այդ նախարարության դուրս հանվելը կարող է բացասական անդրադարձ ունենալ հենց սփյուռքից:

Մեր մոտեցումը տարբեր պետք է լինի սփյուռքի նկատմամբ, քանի որ եթե 3 մլն հայություն ունենք Հայաստանի մեջ, ապա մնացյալ հայությունը՝ 7-8 մլն ապրում է Սփյուռքում, հետևաբար այս իրողական գոյությունը շատ կարևոր է մեզ համար: Հիմա միաժամանակ պետք է նայենք Հայաստանի վարչակազմակերպչական դրությանը: Անցնող տարիների ընթացքում Սփյուռքի նախարարությունը հսկա գործ է արել և նախ պետք է մեր գնահատանքն արտահայտենք»,- ասել է Արամ Ա-ն: