Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոր որոշում է ստորագրել, որով Ավան վարչական շրջանի, Սայաթ-Նովա թաղամասի հ.1/3 շենքի հարակից տարածքում քաղաքացի Սենիկ Գևորգյանի կողմից, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, քարե շինության հիմքերի կառուցման շինարարական աշխատանքներ իրականացնելու իրավախախտման փաստի կապակցությամբ՝ վերջինիս նկատմամբ 16.10.2018 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Արձանագրության հիման վրա Երևանի քաղաքապետարանի կողմից 31.10.2018 թվականին ընդունված h.Վ-40/9 որոշմամբ քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 400.000 ՀՀ դրամի չափով:
Աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ Սայաթ-Նովա թաղամասի հ.1/3 շենքի հարակից տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա շինության հիմքերի կառուցման աշխատանքներ իրականացնելու համար տուգանք նշանակելուց հետո՝ շինարարական աշխատանքները շարունակվել են, մասնավորապես շինությունն ամբողջությամբ ավարտին է հասցվել, որի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից 21.11.2018 թ. կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ կրկնակի արձանագրությունը:
Հանձնարարվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարին, որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում քաղաքացի Սենիկ Վոլոդյայի Գևորգյանի կողմից նույն կետով նախատեսված պահանջները չկատարելու դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Սայաթ-Նովա թաղամասի հ.1/3 շենքի հարակից տարածքում ինքնակամ կառուցված շինությունը և ապօրինի տիրապետումից ազատել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը:
Որոշումն ուժի մեջ է մտել այն ստանալու հաջորդ օրը և կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
Աղբյուրը՝ 1in.am