Վալերի Սեմերիկովը. բարեմաղթանքներ հղելուց բացի, խոսել է նաև Հայաստանի և ՀԱՊԿ–ի մասին։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Սեմերիկովը նշել է, որ ընտրական գործընթացի կազմակերպման բարձր մակարդակը, քվեարկության նախապատրաստման և անցկացման ընթացքում քաղաքական ուժերի դրսևորած պատասխանատվության զգացումը վկայում են ժողովրդավարության իդեալներին Հայաստանի ժողովրդի հանձնառության մասին:
«Ձեր գլխավորած «Իմ քայլը» դաշինքին ընտրողների ցուցաբերած անվերապահ աջակցությունը համոզիչ ապացույցն է այն վստահության, որ վայելում է Հայաստանում Ձեր հայտարարած բարեփոխումների ուղղությունը ու նաև ապացույցն է դրանց իրագործմանն ակտիվ մասնակցելու այն պատրաստակամության, որ ունի Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը»,– նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։
Սեմերիկովն իր շնորհավորական հեռագրում անդրադարձել է նաև ՀԱՊԿ–ի թեմային։
«Համոզված ենք, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի ակտիվ աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համակողմանի ամրապնդմանն աջակցելու, ՀԱՊԿ անդամ պետությունների միջև իրական դաշնակցային հարաբերությունները պահպանելու ուղղությամբ»,– նշել է նա։
Սերմերիկովը Փաշինյանին մաղթել է մեծ հաջողություններ, քաջառողջություն և անձնական երջանկություն:
Նշենք, որ ԿԸՀ–ի նախնական տվյալներով, ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 4.70%–ը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը` 0.68%–ը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը` 3.89%–ը, «Իմ քայլը» դաշինքը` 70.43%–ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6.37%–ը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0.51%–ը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0.33%–ը, «Մենք» դաշինքը` 2. 00%–ը, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0.99%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1.82%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8.27%–ը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am