Փաշինյանը գիտի` ովքեր են նախարարների դեմ կեղծ տեղեկություններ տարածողները

Տառեր չիմացողների քաղաքական թիմն այսօր խոսում է մեր նախարարների տառասխալների մասին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես նշեց Փաշինյանը, ասել, որ տրանսպորտի նախարարը սխալմամբ ասել է «փետրվարի 31» և կառչել դրանից, ուղղակի անհեթեթություն է։

Փաշինյանի խոսքով` այդ մարդիկ չգիտեն, որ Հակոբ Արշակյանը երկրի ամենահայտնի մասնագետներից է։ Ճիշտ նույն կերպ կրթության նախարարի մասին լուրեր են տարածում` իբր նա տառերը չգիտի և Facebook–ում սխալներով գրառում է կատարում (գրառումը ֆեյք էր` խմբ.)։ Նա գտնում է, որ այդ և նման անհեթեթությունները տարածում են նախկին իշխանությունների կողմնակիցները։

«Այն իշխանությունների, որոնք 10 հազար դրամով գնում էին ընտրողների ձայները` օգտվելով համընդհանուր աղքատությունից։ Եթե ցանկանում են դատել գրագիտության մասին, ապա թող իրենք նստեն և չորրորդ դասարանի թելադրություն գրեն, 70 տոկոսը կկտրվեին», – եզրափակեց Փաշինյանը։

Փաշինյանը խոսեց նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի դեմ արշավի մասին: Նրա խոսքով՝ այդ արշավը սկսվել է, քանի որ նա համարձակվել է սրբություն սրբոցի՝ Միքայել Մինասյանի հոր հիվանդանոցի դեմ գործընթաց սկսել:

Փաշինյանի կարծիքով` այդ ստի հեղեղը չի փոխի հասարակական կարծիքը. ընտրողներն իրենք բավականաչափ գրագետ են, որպեսզի չընկնեն այդ ծուղակը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am