«Սերժ Սարգսյանի հրաժարականը հրաշք էր, բոլորս էլ ուզել ենք, որ Մելիք Ադամյանը վերջանա». Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս կարծում է, որ եկել է բարիկադների քանդման ժամանակը: Այս մասին «Մուլտի գրուպ» կոնցեռնի համագործակցությամբ աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերմայի բացման ժամանակ հայտարարեց նա: «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ դուք բարիկադների որ կողմում եք, Ծառուկյանը պատասխանեց. «Պարոն վարչապետը ձեզ տեղյակ է պահել, երբ հուշագիր էինք ստորագրում»:

ՀԺ-ի լրագրողի դիտարկմանը՝ տպավորություն էր, որ մինչև հուշագրի ստորագրումը ԲՀԿ-ն բարիկադների հակառակ կողմում էր մնացել, քանի որ կողմ քվեարկեց ԱԺ-ի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելուն, որով բարդանում էր խորհրդարանը ցրել վարչապետի հրաժարականի եղանակով, Ծառուկյանն արձագանքեց. «Դա ի՞նչ փոփոխություններ էր, գիտե՞ս»:

Երբ ԲՀԿ ղեկավարին հանգամանալից բացատրեցինք կանոնակարգում տեղի ունենալիք փոփոխությունը, արձագանքեց. «Սաղ դուք եք անում, որ ժողովրդին թյուրիմացության մեջ եք դնում: Քո պես լրագրողները յոթ անկյունով հարց են տալիս, խառնում են իրար»:

Այնուհետ Ծառուկյանին ՀԺ-ն հիշեցրեց, որ անգամ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Տիգրան Ուրիխանյանն է բարձրաձայնում այն մասին, որ իրեն խաբել են օրինագիծը ներկայացնելու ժամանակ: «Կարող ես Ուրիխանյան Տիգրանին զանգես, ես լսեմ, քո հարցին պատասխանեմ»: Մեր դիտարկմանը, որ Ուրիխանյանը անգամ հայտարարել է, որ իրեն խաբել են խմբակցության անազնիվ անդամները, Ծառուկյանն առաջարկեց պարզել, թե ով է այդ անազնիվ մարդը և ինքը կհեռացնի իրենց համակարգից:

ԲՀԿ-ից սկսել են անդամներ դուրս գալ: Մասնավորապես, գրել էինք, որ Լյովա Խաչատրյանը և Վահան Կարապետյանը լքել են կուսակցությունը: Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչու՞ են նրա հետ այդպես վարվում և ինչ կարծիք ունի նա: «Ամեն մարդ ունի իր քաղաքական մտածելակերպը և բոլորի համար դռները բաց են: Բոլորն էլ իրավունք ունեն կուսակցություն բացելու և համագործակցելու ում հետ ցանկանան: Ես քաղաքականությամբ չեմ ապրում, բայց ասում եմ, որ լրագրողն են այս երկիրը քանդողները, եկել եք, որ այս լավ օրը Ծառուկյանին հունից հանեք: Ոնց որ այս երկրի չարիքը լինեք, դրա համար էլ ասում եմ, որ զարգացում չի լինի, սաղին խառնում եք, ժողովրդին էլ թյուրիմացության մեջ եք դնում: Ինձ ասում եք, որ ես բարիկադների այն կողմն եմ: Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, որ ձերբակալեցին, այդ օրը ո՞վ հայտարարեց, որ ես իրենց կողքն եմ»,- ասաց նա:

ՀԺ-ի հարցին՝ իսկ մարտի 31-ին ու՞ր էր, երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից քայլարշավ էր սկսել, Ծառուկյանը պատասխանեց. «Իմ տեղը նստած էի»: Մեր դիտարկմանը, որ ԲՀԿ-ն համաժողովրդական շարժմանը միացել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պաշտոնական հայտարարությունից 1-2 ժամ առաջ, իսկ մինչ այդ բոլորը ներքին խողովակներով գիտեին, որ Սարգսյանը հրաժարական է տալու, Ծառուկյանն ասաց. «Դու չես ամաչում, արի քո հետ մարջ գամ էսքանի առաջ: Սերժ Սարգսյանը դեռ չէր հայտարարել, որ հրաժարական է տալու և ոչ մեկի մտքով չէր անցնում, Ծառուկյանն արդեն միացել էր: Սերժ Սարգսյանի հրաժարական տալը հրաշք էր, բոլորս էլ ուզել ենք, որ Մելիք Ադամյանը վերջանա, ժողովրդի կյանքում բան փոխվի, ոչ թե՝ ոնց ուզենք, ինչքան ուզենք կլինի»:

Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ պատրաստվում է արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումներ ունենալ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ: ՀԺ-ն Ծառուկյանից հետաքրրքվեց, թե արդյո՞ք այդ հանդիպումները եղել են, որ ուժերի հետ է համագործակցել ու ինչ արդյունքների են եկել: «Ես ժամանակ չեմ ունեցել»,- ասաց նա: Հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է ԲՀԿ ցուցակը գլխավորել, եթե գլխավորի, ապա չի՞ կարծում, որ կհակասի վարչապետին, քանի որ նա հայտարարել էր, որ բիզնեսմենները չպետք է գործադիրում ու օրենսդիրում լինեն: «Ես բիզնեսով չեմ զբաղվում, ես իմ բիզնեսները տվել եմ կառավարման»,- ասաց Ծառուկյանը:

Լրագրողներից մեկը նկատեց, որ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում ակտիվ չէ, նա էլ հակադարձեց, որ մյուսները գալիս ու ներկա են գտնվում՝ ի՞նչ օգուտ: «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե քանի՞ օրենքի նախագծի հեղինակ ու համահեղինակ է, Ծառուկյանն ասաց. «Կարող ես գնալ և նայել, թե որտեղ իմ ստորագրությունը կա: Դու Ծառուկյանից խի՞ ես վառված»: Դիտարկմանը, որ «վառված» լինելու խնդիր չկա, այլ հստակ երևում է, որ նա ԱԺ-ում ոչ մի նախագիծ չի զեկուցել, ոչ մի անգամ կառավարության հետ հարց ու պատասխանին չի մասնակցել, ԲՀԿ նախագահն արձագանքեց. «Այս հարցերը, որ տալիս եք, պատասխանում եմ, կարողա՞ իմ տեղն ուրիշն է պատասխանում: Դու խի՞ ես վառված Ծառուկյանից, դու հատուկ հանձնարարությամբ եկել ես Ծառուկյանի մոտ»:

Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծվող ընդդիմադիր կուսակցության հետ համագործակցության հետ կապված, Ծառուկյանն ասաց. «Որոշողը ժողովուրդն է: Ես իր հետ գործ չեմ ունեցել, չունեմ: Ես գործ ունեմ ԲՀԿ-ի հետ: Իմ ուզածն այն է, որ իմ ժողովրդի համար լավ բան անեմ, բայց մարդ ինչքան անաղուհաց չի կարող լինել, որքան դուք եք: Ես ոչ մի վատ բան չեմ արել, կարմիր գիծ չեմ քաշել, մարդկանցից փող չեմ հավաքել: Դուք անշնորհակալ եք, մեկդ չեղավ ասի՝ պարոն Ծառուկյան, շնորհակալ ենք: Գնացեք ձեր տերերին պահպանեք, ումից փող եք ստանում և պատվեր եք կատարում»:

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ամեն կերպ աջակցելու է կառավարությանը, որն օգուտ կտա ժողովրդին:

blog.168.am