«ԱՄՆ դեսպանը «զոնդաժ» է արել տարածքների պահով». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկ ես կպնդեմ, որ ԱՄՆ դեսպանը «զոնդաժ» է արել տարածքների պահով: Խնդիրն ամենևին այն չէ, որ ԱՄՆ դեմ է փոխզիջումային լուծմանը: Ոչ կողմ է ու երբեք դա չի թաքցրել:

Մադրիդյան առաջարկներին բոլոր երեք նախագահող երկրների ղեավարների բարձր մակարդակով հավանությունը դրա ապացույցն է: Մինչդեռ ուշադրության է արժանի այն, որ ԱՄՆ դեսպանը ընդամենը մեկ դետալից է խոսել. այն դետալից, որը համաձայնեցված է եղել Կրեմլի ու Բաքվի միջև՝ Կազանից մինչև Լավրովի պլան, այն է՝ առաջին փուլում ու ոչ մի բանի դիմաց Արցախի տարածքների որոշ մասի հանձնմանը, ինչը բացահայտեց Ապրիլյան քառօրյա պատերազմը, դրանից հետո Սերժ Սարգսյանի տված հարցազրույցներն ու նրա հրաժարականի նկատմամբ Մոսկվայի «ողջունող» պահվաշքն ու տեքստը:

Ակնհայտորեն, ԱՄՆ հեռացող դեսպանը հետախուզում է, թե արդյոք այդ պլանը ուժի մեջ է նաև այժմ, քանի որ Պուտին-Փաշինյան հանդիպումներում ղարաբաղյան քննարկումների մասով ոչինչ հայտնի չէ, ու թերևս կա կասկած, որ բան է տեղի ունենում…. Նման «պրովոկացիայի» արդյունքը կարող է լինել այն, որ ՀՀ իշխանությունները կամ հաստատեն, որ բան կա` «Լավրովյան նախկին գիծը շարունակվում է» նաև իրենց կողմից, կամ հայտարարարեն, որ հակամարտության լուծումը համապարփակ պետք է լինի, փոխզիջումներն էլ երկկողմանի, ինչը կնշանակի, որ նոր կառավարությունը նոր գծի վրա է, այլ ոչ թե վերադարձվել է նախկին իշխանության ռելսերին…

Թերևս կամ առաջին, կամ երկրորդ հայտարարությունը մենք այսօր չենք լսի, քանի որ այսօր Նիկոլ Փաշինյանը կհայտարարի միայն իր հրաժարականի մասին: Իսկ ավելի ստույգ դիրքորոշում Հայաստանը հարկադրված կլինի հայտնել արդեն խորհրդարանական ընտրություններից ու նոր իշխանությունների ձևավորումից հետո: Այնպես որ քաղաքականություն վերլուծողներիս համար անհրաժեշտ է «թեսթերն» ու «հետախուզումները» տարբերել իրական պրոցեսից…»: