Փաշինյանն ու Քոչարյանը թայմ աութ են վերցրե՞լ

Հայաստանի նոր իշխանությունն ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ պաշտոնական հաշտություն են պահպանում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։

«Թվում է, թե հիմա մոռացել են Քոչարյանի մասին։ Ինձ մոտ տպավորություն է, որ ինչ-որ համաձայնություն կա, չհարձակման պակտի նման ինչ-որ բան», — ասաց Հակոբյանը։

Ինչպես նշեց քաղտեխնոլոգը, դժվար է ասել, թե ինչով է դա պայմանավորված և որքան կտևի այդ իրավիճակը։ Հնարավոր է` դա կապված է ոչ միայն երկրում տիրող քաղաքական իրավիճակի հետ, այլ նաև աշխարհաքաղաքականության։

Բայց առայժմ կողմերից յուրաքանչյուրը գնում է «իր ճանապարհով», և այդ ուղիներն ընդհանուր առմամբ չեն խաչվում։

Մյուս կողմից, որքան էլ կողմերը պայմանավորվեն ինչ-որ բանի մասին, այդ բանավոր համաձայնությունները ոչ մի երաշխիք չեն տալիս։ Դրա վկայությունը Քոչարյանի գլխին կախված «անօրինական հարստացման» մեղադրանքն է։

«Երբ խոսվում էր Քոչարյանի վերադարձի կամ քաղաքական ակտիվության մասին, ենթադրվում էր ինչ-որ լայն կոալիցիայի ստեղծում։ Նախկին նախագահը կարող էր համախմբող գործոն դառնալ ընդդիմություն ձևավորելու համար, բայց նա ընտրական առումով այդքան էլ ընդունելի կերպար չէ», — կարծում է Հակոբյանը։

Քաղաքագետի խոսքով` Քոչարյանը կարող էր քաղաքական կոնգլոմերատ ստեղծել` հաշվի առնելով նրա քաղաքական, ֆինանսական, աշխարհաքաղաքական պաշարները, բայց որպես պաշտոնական առաջնորդ` նպատակահարմար կլիներ առաջադրել մեկ այլ քաղաքական գործչի, որն ավելի ընդունելի կլիներ այն ընտրողների համար, որոնք չեն սատարում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Բայց ներկա իրավիճակում քաղաքական ուժերը, որոնք կարող էին ապավեն դառնալ Քոչարյանի համար, այդ թվում` Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» և Հայաստանի Հանրապետական կուսակցության մի մասը, թուլացած են։

«Նրանք իմիջային և վարկանիշային մեծ կորուստներ են ունեցել։ Այդ քաղաքական ուժերի վիճակը չի կարող Քոչարյանին լավատեսություն ներշնչել», — նշեց Հակոբյանը։

Զուտ տեսականորեն նախկին նախագահին կարող են աջակցել քաղաքական նոր ուժերը, այդ թվում` ոչ պաշտոնական, բայց Քոչարյանը պարզապես ժամանակ չունի այդպիսի ուժեր ստեղծելու համար։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ դեկտեմբերի 9-10-ին, իսկ մինչ այդ ինքը հրաժարական կտա։

Դրանից հետո Քոչարյանը Bloomberg-ին տված հարցազրույցում ասել էր, որ դեկտեմբերին չի մասնակցի արտահերթ ընտրություններին և չի ուզում վարչապետ դառնալ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am