Ինչպե՞ս են հրավիրել՝ հեռախոսո՞վ, ինտերնետո՞վ, նամակո՞վ

Երեկ տեղի ունեցավ Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը։ Նորընտիր քաղաքապետը երդմնակալությունից հետո պատասխանել է լրագրողների տարբեր հարցերին։ «Մենք պետք է հարգենք բոլոր ինստիտուտները և չանձնավորենք նրանց․ բոլոր նախկին քաղաքապետերին, ԱԺ նախագահին, տեղակալներին, խմբակցությունների ղեկավարներին, հանձնաժողովների նախագահներին ուղարկվել է հրավեր»,- ի պատասխան այն հարցի, թե հրավիրե՞լ են նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ԱԺ պատգամավորներին, ասել է Հայկ Մարությանը։

«Բոլոր արարողակարգային ամեն ինչը սկզբից մինչև վերջ պահվել է, դա շատ կարևոր է: Բոլոր վարչական շրջանների ղեկավարներին ևս հրավիրել ենք` անկախ կուսակցական պատկանելիությունից »,- հայտարարել է նորընտիր քաղաքապետը։ Միաժամանակ նա չի կարողացել պատասխանել այն հարցին, թե ինչու բոլոր հրավիրվածները չեն եկել իր երդմնակալությանը։ Երեւանի նախկին քաղաքապետ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը Հայկ Մարությանի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չի ստացել։ «Հայկ Մարությանին հարցրեք, թե ինչ ձեւով է հրավիրել՝ հեռախոսո՞վ, ինտերնետո՞վ, նամակո՞վ»,- իր հերթին հարց ուղղեց։

Մեր դիտարկմանը, որ Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը եւս հրավիրված չի եղել, Վահագն Խաչատրյանն արձագանքեց․ «Իմ անունից էլ, Սուրեն Աբրահամյանի անունից էլ կարող եմ ասել, որ մենք բավականին լուրջ ենք ընդունում այդ ինստիտուտը, եւ մեր վերաբերմունքն այդ հրավերքին այլ կլիներ։ Ես համոզված եմ, որ մենք ամենաշահագրգիռ մարդկանցից ենք, որ տեղի է ունեցել իշխանափոխություն։ Մեզ ոչ մեկը ընդունված կարգով տեղյակ չի պահել, որ հրավիրված ենք այդ միջոցառմանը։ Եղել է պաշտոնական արարողակարգ, եւ ես չգիտեմ՝ որպես քաղաքացի կարո՞ղ էինք մասնակցել, թե՞ ոչ»։

hraparak.am