«Ներդրողները զգուշանում են հիմա. պետք է խորհրդարանը լուծարվի»․ Լևոն Մարկոս

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսը։

– Պարոն Մարկոս, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Մասնավորապես, վարչապետը հայտարարել է, որ դեկտեմբերի առաջին կեսին պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ ներդրողները սպասում են տնտեսական կայունացման։

– Նախ ուզում եմ անդրադառնալ նախօրեին տեղի ունեցած իրադարձություններին։ Դրանք ցույց տվեցին և ապացուցեցին Հայաստանի Ազգային ժողովի գործունեության վտանգավոր միտումները, որը սադրեցին ԱԺ պատգամավորները: Պատգամավորները փոփոխություն կատարեցին «ԱԺ կանոնակարգ» օրենքում, որը նախատեսում է, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը կարող է շարունակել իր աշխատանքը և չցրվել: Բացի այդ, ևս մեկ փոփոխություն նախատեսում է, որ եթե ԱԺ նիստ հնարավոր չէ անցկացնել քվորումի բացակայության կամ պատգամավորների համար որևէ այլ խոչընդոտի պատճառով, ապա ԱԺ նիստը ընդհատվում է մինչև այն պահը, երբ խոչընդոտող հանգամանքները կվերանան: Այս սկանդալային օրինագծի գաղափարը պատկանում է ՀՀԿ-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն անվանել է հակահեղափոխական: Բոլորը Հայաստանում գիտեն, որ գործող խորհրդարանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ստեղծածն է, և նոր հետհեղափոխական փուլում Հայաստանի Ազգային ժողովը փաստացի խոչընդոտ է Հայաստանի քաղաքական ու տնտեսական հետագա զարգացման համար: Ներկայումս խորհրդարանի պատգամավորների մեծ մասը, որը ներկայացնում է նախկին իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, չունի ոչ մի հասարակական աջակցություն: Հայտնի փաստ է, թե ինչպես են տեղի ունեցել 2017-ի խորհրդարանական ընտրությունները: Այն ժամանակ նախկին իշխանությունները ընտրությունները կազմակերպել էին զանգվածային ընտրախախտումներով և ընտրակաշառքներով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ միայն նոր ընտրված ԱԺ պատգամավորները կարող են ներկայացնել Հայաստանի ժողովրդին: Միայն ԱԺ նոր կազմը, ունենալով լեգիտիմություն և ժողովրդի վստահության քվեն, կարող է Հայաստանը դուրս բերել այն փոսից, որ երկիրը հայտնվել է նախկին իշխանությունների հակաժողովրդական գործողությունների հետևանքով:

– Որպես ներդրող՝ Դուք նույնպես սպասում եք ընտրություններին, որ հետո նո՞ր միայն ներդրումներ անեք։

– Այո։ Բազմիցս ասել եմ, որ ներդրողները զգուշանում են հիմա։

Բայց մինչև անդրադառնամ ներդրումներին, ուզում եմ հարց տալ՝ ո՞վ է մեղավոր Հայաստանում օլիգարխիկ ու կոռուպցիոն պետական համակարգի ձևավորման համար: Այս հարցը հռետորական չէ, իսկ պատասխանն ակնհայտ է. մեղավոր են բացառապես ՀՀ նախկին իշխանությունները և հատկապես ԱԺ-ն:

Կոռուպցիոն անսանձ համակարգը, սոցիալական համատարած անարդարությունը, դատական կամայականությունները, արմատավորված տնտեսական և քաղաքական մենաշնորհը, իշխանությունների կողմից տարիների ընթացքում կուտակված խնդիրների անտեսումը, իրական տնտեսական հնարավորությունների բացակայությունը հասարակության մեջ ստեղծեցին իսկական «վառոդի տակառ» ԱԺ-ի դեմ։ Կառավարման հին համակարգը չի նպաստում Հայաստանի աճին և զարգացմանը, ընդհակառակը՝ միայն էականորեն արգելակում է ձգձգվող սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս գալու երկրի հնարավորությունները։

Ազգային ժողովում տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նախկին կոռումպացված և ապազգային իշխանությունը Հայաստանում հաշվի չի նստում հասարակության հետ և շարունակում է իր անտագոնիստական և ապօրինի գործունեությունը։ Ո՞ւր էին այդ պատգամավորները, երբ կոռումպացված իշխանությունը` ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ռեյդերով բարեխիղճ գործարարներից բիզնես ու ունեցվածք էին խլում, այդ թվում՝ Հայաստանում իմ անշարժ գույքը, ձեռնարկությունները, գործարաններն ու ֆաբրիկաները ամբողջությամբ։ Նրանք արհեստականորեն իրավիճակ էին ստեղծում, որպեսզի փակեն իմ մուտքը հայրենիք։ Ես միշտ վստահ եմ եղել, որ նրանք իրենց անօրինականությունների ու գողությունների համար վաղ թե ուշ պատասխան են տալու։

Իմ կարծիքով՝ նախկին իշխանությունների բոլոր այդ գործողություններն արվում են առաջին հերթին նրա համար, որ թույլ չտան ՀՀ նոր իշխանություններին բարեփոխումներ իրականացնել, ընդունել օրենսդրական ակտեր ազգային հարստությունն ավելի արդար բաշխելու համար, նվազեցնել սոցիալական անհավասարությունը, որը վերջին ժամանակներս Հայաստանում սարսափելի չափերի է հասել։

Նայեք ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորական կազմը։ Դրանք օլիգարխներ են և նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմի ներկայացուցիչներ, որոնք տասնամյակներ շարունակ թալանել են հայ ժողովրդին։ Դա նրանց մեղքն է, որ Հայաստանի բնակչության կեսը լքել է երկիրը։ Նրանց մեղքն է, որ Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգ է հաստատվել։

Կարծում եմ՝ հասունացել է հակաժողովրդական խորհրդարանը ցրելու անհրաժեշտությունը։ Այդ հարցում ամբողջությամբ պաշտպանում եմ ժողովրդական լայն զանգվածների և Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև հարյուր հազարավոր հայ հայրենասերների կարծիքը ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։

Ես Ազգային ժողովի պատգամավորներին կոչ եմ անում քաջություն դրսևորել և հրաժարական տալ, տեղ ազատել իսկական և արժանի հայերի համար։

Եվս մեկ անգամ ամբողջ աշխարհի հայերին կոչ եմ անում միավորվել, այցելել Հայաստան, աջակցել ու պաշտպանել հայկական պետականությունը և Նիկոլ Փաշինյանին՝ պաշտպանելու համար մեր պետականությունը դավաճաններից, գողերից ու ավազակներից, ինչպես նաև վերադառնալ ու ապրել հայրենիքում։

– Այսինքն՝ կարծում եք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ներդրողների հո՞սք է սպասվում, թե՞ դրանք կլինեն առանձին դեպքեր։

– Հավատացնում եմ, որ ոչ միայն ես և մի քանի հոգի կգանք, այլև ինձ կմիանան հարյուրավոր ներդրողներ, որոնք այսօր սպասում են Հայաստանում քաղաքական կայունացմանը, որն ինքնին կբերի տնտեսական կայունության։

Աղբյուրը՝ 1in.am