Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ կգա խորհրդարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ գալու է խորհրդարան` շարունակելու քննարկումները քաղաքական ուժերի ու խմբակցությունների հետ:

Այս մասին այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` հիշեցնելով, որ ԱԺ կանոնակարգով այսօր նախատեսված է կառավարության անդամների հետ հարց ու պատասխան, որին կառավարության ղեկավարը, նրա տեղեկություններով, ևս ներկա է լինելու:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ երեկ ԱԺ նախագահի աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպմանը` Մարուքյանը հայտնեց, որ մի քանի ժամ ինքը գտնվել է այնտեղ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում ներկաներին իրազեկել է իր ծրագրերի մասին:

«Օրեր անց Փաշինյանը հրաժարական կտա վարչապետի պաշտոնից: 14 օր շարունակ նոր վարչապետ չի առաջադրվի ու չի ընտրվի ԱԺ-ի կողմից, որից հետո խորհրդարանը կարձակվի օրենքի ուժով, և կհայտարարվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով` ԱԺ մյուս 3 խմբակցությունների ներկայացուցիչները պնդում էին, որ պատրաստ են արտահերթ ընտրությունների, բայց մայիս-հունիս ամիսներին` այն բանից հետո, երբ կընդունվի նոր Ընտրական օրենսգիրքը:

Ներկայացնելով իրենց տեսակետն այս հարցի շուրջ` Մարուքյանն ասաց. «Եթե նույնիսկ նոր ԸՕ-ն չընդունվի 1 ամսվա մեջ, ապա պետք է գնանք ընտրության հին օրենսգրքով: Եթե նույնիսկ հին օրենսգիրքը մնա, ապա այս քաղաքական իրավիճակում ռեյտինգային ցուցակով օլիգարխները չեն անցնի խորհրդարան»:

Մարուքյանը, սակայն, վստահեցրեց, որ նոր օրենսգիրքը պատրաստ է, և այն հնարավոր է նույն հապշտապ կարգով ընդունել, ինչպես երեկ ՀՀԿ-ն փորձում էր ընդունել իր հեղինակած «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների նախագիծը:

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին 2-րդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ ձայներով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ են քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում և շրջափակել ԱԺ շենքը: Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին:

Աղբյուրը՝ armeniasputnik.am