«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Մարտական խաչի» ասպետ Վահան Բադասյանը։
-Պարոն Բադասյան, վարչապետ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձավ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը՝ շեշտելով ևս մեկ անգամ մեր պատրաստակամությունը խաղաղ բանակցություններ վարելու և միևնույն ժամանակ՝ Արցախը կարգավորման սեղանին վերադարձնելու անհրաժեշտությունը։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում նրա այս ելույթը։
–1989 թվականից այս կողմ դեռ երբեք Հայաստանի ղեկավարն այսքան ռեալ տեսակետ չի հնչեցրել այդպիսի բարձր ամբիոնից։ Հիշեցնեմ, որ առաջին նախագահն ամեն մի ազատագրված շրջանից հետո անպայման հրահանգում էր այն հետ վերադարձնել՝ սկսած Շուշիից, Բերձորի շրջանից, Քելբաջարից մինչև Հորադիզ։ Իր վարչախումբը դրան էր ծառայում մինչև 1994 թվականը։ Երբ 1994 թվականին հրադադար կնքվեց՝ ստորագրեցին երեք կողմերը՝ Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարները, Ադրբեջանի պաշտպանության նախարարը, իսկ Ռուսաստանը երաշխավոր կողմն էր, որով էլ սկիզբ դրվեց Մինսկի խմբի համանախագահությանը՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի գլխավորությամբ։ Դրանից հետո համանախագահները տարբերակներ էին առաջարկում, բայց դրանցից և ոչ մեկը չէր բխում Հայաստանի շահերից, Ադրբեջանը ևս ասում էր, որ այդ տարբերակն իր շահերից չի բխում։ Ինչևէ, բանակցություններն ընթացան մինչև 1996 թվականը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն հայտնեց փուլային տարբերակով վերադարձնել ազատագրված շրջանները։ Իշխանության որոշ ճյուղեր հայտարարեցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի արարքը դավաճանական է, նա հրաժարական տվեց, և եկավ Ռոբերտ Քոչարյանը։ Ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, նա փաթեթային տարբերակով էր ուզում հանձնել, ընդունեց այդ եղանակը, բոլորս հիշում ենք Քի Ուեսթի գագաթաժողովի այդ խայտառակ երևույթը։ Դրան հաջորդեց երրորդ նախագահը, որը Մադրիդյան սկզբունքներին հավանություն տվեց։ Իսկ դա Արցախի կապիտուլյացիայի վերջնագիր էր, այլ ոչ թե կարգավորման թուղթ։
Այսինքն` կարծում եք՝ Փաշինյանի մոտեցումն ավելի՞ իրատեսական է։
-Ես թավշյա հեղափոխության օրերին Փաշինյանի կողքին կանգնած էի, երբ նա հայտարարում էր, որ Արցախը պետք է լինի բանակցող կողմ։ Կրկին տարբեր ձևերով փորձում են բարբաջել, թե նա չի տիրապետում արցախյան հարցին, բայց դրանք ռևանշիստական զառանցանքներ են։ Միակ ճիշտ տարբերակն այն է, որ, այո, Արցախը պետք է լինի բանակցող կողմ, և Հայաստանը պետք է լինի երաշխավորողը։ Այսպիսի մեծ ամբիոնից նման հայտարարություն անելը նշանակում է, որ հեղափոխության հետ մեկտեղ պետք է վերանայվեն նախկին բոլոր պայմանավորվածությունները արցախյան հարցում։
Աշխարհը շատ լավ գիտի, որ Հայաստանի թավշյա հեղափոխությունը ժողովրդական շարժման արդյունք է և դրա թիկունքում մի ամբողջ ժողովուրդ է կանգնած, ուստի բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները պետք է վերանայել։ Արտառոց ոչինչ չկա։
-Փաշինյանի բարձր լեգիտիմությունը, մյուս կողմից էլ, չի՞ կարող վնասակար լինել՝ այն իմաստով, որ ինչ-որ փուլում, միջազգային հանրությունը օգտագործելով նրա բարձր լեգիտիմությունը, կարող է Հայաստանի համար ցավոտ լուծումներ պարտադրել։
–Ես չեմ կարծում, թե իրեն կարող են որևէ բան պարտադրել՝ ի տարբերություն նախկին ղեկավարների։ Նախորդ իշխանությունները իրենց տերն ունեին՝ ռուսական կայսրությունն ու իշխանությունը։ Նրանք են միշտ եղել Հայաստանի ղեկավարության թիկունքին, իսկ Փաշինյանի թիկունքում ժողովուրդն է, և նա հաշվետու է ժողովրդին։ Արցախյան հարցում Փաշինյանը պետք է լսի ժողովրդի ձայնը, ժողովրդի ցանկություններին ու երազանքներին համահունչ լուծումներ պետք է ընդունի կամ առաջարկի