Ինչու՞ է Մոսկվան այդքան «դաղում» Փաշինյանի կառավարությանը

Մինչ Հայաստանի իշխանությունները տարածում են մոտ ապագայում Պուտինի՝ հայաստանյան այցի մասին տեղեկություններ, երեկ պաշտոնական Մոսկվան, կարելի է ասել, սթափեցրեց մեր իշխանավորներին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քննարկվել է, բայց մինչև տարեվերջ քիչ հավանական է, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Իսկապես, քննարկվել է մեր նախագահի այցը Հայաստան կազմակերպելու հնարավորությունը, բայց հստակ Ժամկետներ առայժմ չեն քննարկվում»,- ասել է Ուշակովը:

Ապա նա հավելել է, որ երկու նախագահներն այս տարի դեռ կհանդիպեն Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովին, ինչպես նաև Աստանայում՝ ՀԱՊԿ նիստին: Բացի այդ, նրա խոսքով՝ դեկտեմբերին Մոսկվայում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողով, որը նույնպես երկու առաջնորդներին զրուցելու հնարավորություն է տալիս: «Այցի կամ որևէ ժամկետների հարցը առայժմ չեն քննարկվում… Կարծում եմ, որ թերևս այցի հարցում ավելի խելամիտ է պատրաստվել հաջորդ տարի»,- ասել է նա: Ուշակովը նաև հիշեցրել է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի է ունեցել «բոլորովին վերջերս»: «Այս տարի նրանք արդեն հանդիպել են երեք անգամ, բավարար չափով հանգամանալից քննարկումներ են եղել: Մասնավորապես, վերջին անգամ նախագահն ու վարչապետը զրուցել են մոտ երեք ժամ, իսկապես լավ և հանգամանալից խոսել են»,- ընդգծել է Ուշակովը:

Մեղմ ասած, Մոսկվան հասկացրել է, որ Պուտինն ու Փաշինյանը բավական հանդիպել են, և մոտ ապագայում Պուտինին չարժե սպասել Հայաստանում:

Առհասարակ, Մոսկվան, որևէ առիթ բաց չի թողնում ցույց տալու Հայաստանին իշխանություններին իրենց տեղը: Երեկվա «միջադեպն» էլ, մի նոր առիթ էր:

Այսօր Ռուսաստանի նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի ղեկավարությանը, կմասնակցի միջտարածաշրջանային համաժողովին, ինչպես նաև կհետևի Ձյուդոյի միջազգային մրցաշարի եզրափակիչ խաղերին, հաղորդում է Կրեմլը:

«Ադրբեջանի հետ համագործակցությունը, այդ թվում՝ նախարարների մակարդակով, շատ ակտիվ է», – լրագրողներին ասել է նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, հիշեցնելով, որ երկու առաջնորդները վերջին անգամ հանդիպել էին շաբաթներ առաջ՝ սեպտեմբերի 1-ին՝ Սոչիում:

Հիշեցնենք, որ Բաքվում կայանալիք հանդիպումներից հետո երկու առաջնորդները կմեկնեն Դուշանբե՝ ԱՊՀ գագաթնաժողով, որին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին:

Ստացվում է, Պուտինը նախընտրում է Ալիևի հետ հաճախակի հանդիպել, բայց Փաշինյանի իշխանությունների կողմից իր՝ Հայաստան այցի վերաբերյալ տեղեկություններին ի պատասխան անմիջապես պարզաբանումներ, մեկնաբանություններ են ներկայացնում:

Մոսկվան շարունակում է ցույց տալ, որ չի վստահում Փաշինյանի կառավարությանը: Բայց միակ դժբախտությունը չէ. զուգահեռաբար Մոսկվան ցույց է տալիս, թե ո՞ւմ է ավելի հավատարիմ գործընկեր համարում:

Թամար Բագրատունի

Աղբյուրը՝ hayeli.am