Նյու Յորքում կայացել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ եւ մասնակցությամբ Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Հանդիպումը սկսվեց նախ ընդլայնված ձեւաչափով, ապա արտգործնախարարներն առանձնազրույց ունեցան։ ԱԳ նախարարը վերահաստատեց ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները։

Տեղի ունեցավ մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Զրուցակիցները պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը, ներառյալ` առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։