Սեպտեմբերի 23-ի ավագանու ընտրությունները եթե զուտ Երևանի ավագանու ընտրություններ լինեին, ապա այլ արդյունք կլիներ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից խորհրդարանը ցրելու մանդատ էր խնդրել, որը նա ստացավ, ինչը լավ է:
Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ըստ էության, ՀՀ վարչապետը ՀՀ քաղաքացիներին խնդրել էր խորհրդարանը ցրելու մանդատ, և նա այդ մանդատն ստացել է: Ես դրա համար եմ ասում, որ էքստրաօրդինար իրավիճակ է, և այս ամենը պետք չէ դիտել միայն որպես Երևանի ավագանու ընտրություններ:
Եթե զուտ Երևանի ավագանու ընտրություններ լինեին՝ ես վստահ եմ, որ այլ արդյունքներ կլինեին: Այդ վստահության մանդատն է վարչապետին տրվել երկրորդ անգամ, և այն նաև մութ ուժերի, կերպարների, միֆական քննարկման առարկան, որ՝ այ, եթե մեզ ձայն չտաք, Ռոբերտ Քոչարյանը հետ կգա, բայց Ռոբերտ Քոչարյանը չկա, որ հետ գա»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի կիրառմանը, ապա Էդմոն Մարուքյանն ասաց, որ որոշակի մտահոգություններ եղել են, սակայն իր կարծիքով՝ նոր է իշխանությունը, և իրենք այնքան էլ ուշադիր չեն նման բաներին. «Ըստ էության, եթե նայենք ընտրական պրոցեսի համատեքստում՝ գործող իշխանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լիներ»:
Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենք խորհրդարանը ցրելու աջակից ուժ են, և այս առումով Երևանի ընտրություններն ավելի առաջնային չեն, քան խորհրդարանը ցրելու հարցը:
«Անգամ Փաշինյանը վարչապետ չէր ընտրվել՝ մենք ասել ենք, որ խորհրդարանը պետք է լուծարվի, և նոր իրողություններին համահունչ խորհրդարան ձևավորվի: «Ելք» խմբակցությունը միասնական է այս առումով. բանակցությունների արդյունքում կիմանանք՝ ինչ ճանապարհով»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Հարցին, թե «Լույսի» ձևաչափը կպահպանվի՞, Էդմոն Մարուքյանն ասաց, որ հնարավոր է՝ այդ ձևաչափը պահպանվի, այլ ձևաչափ ևս չի բացառում:
Աղբյուրը՝ tert.am