Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ հայց է ներկայացվել դատարան. հայցվորը Սեդրակ Քոչարյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին:

Ինչպես տեղեկացանք դատական համակարգից, հայցվորը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ և հրապարակայնորեն հերքել, իսկ թե ինչն է պահանջել հերքել դեռևս չհաջողվեց պարզել։

Սակայն ուշագրավ է, որ ԱԱԾ տնօրենը երեկ որոշ խմբագրումներ է կատարել ավելի վաղ Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններում և դրանք ներկայացրել՝ որպես արագ խոսելու հետևանք:

«Ես միայն մի ճշտում եմ ուզում անել․ մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին, հիշո՞ւմ եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կաշառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում)։ Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր։ Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում ա կատարված»,- հայտարարել է Վանեցյանը:

Միևնույն ժամանակ նա «Հրապարակ»-ին տված հարցազրույցում ասել է, թե չի արդարանում երբևիցե, «որևէ բան չեմ արել, որի համար պետք է արդարանամ։

Եթե իմ արարքի մեջ կլինի իրավական խախտում, քննչական մարմինը, ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովը գնահատական կտան։ Եթե ես կյանքում երբևիցե մի հատ օրենք խախտեմ, պատրաստ եմ միշտ պատասխանատվություն կրել»,- ասել է Վանեցյանը։

Աղբյուր` Փաստինֆո