ՀԱՊԿ–ի ներուժն անհնար է կիրառել Տավուշում. կազմակերպությունում բացատրեցին` ինչու

Երևանն այդ հարցով չի դիմել, ՀԱՊԿ ուժերն օգտագործելու մասին խոսք լինել չի կարող, ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակապի ընթացքում։

Վերջին շրջանում Հայաստանի Տավուշի մարզում ավելի հաճախակի են դարձել ադրբեջանական կրակոցները։ Երեկ զինծառայող է զոհվել, ավելի վաղ վիրավորվել էր Կոթի գյուղի բնակիչներից մեկը։

«Այսօրվա դրությամբ հակամարտող կողմերն իրենք պետք է պարզեն իրավիճակը», — ասաց Սիդորովը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչպես է ՀԱՊԿ-ն պատրաստվում արձագանքել ադրբեջանական զինված ուժերի գնդակոծություններին։

Նրա խոսքով` Հայաստանն այդ հարցով չի դիմել ՀԱՊԿ-ին։ Այդ պայմաններում ՀԱՊԿ ուժային պոտենցիալը չի կարող օգտագործվել։

Սիդորովը հույս հայտնեց, որ հակամարտող կողմերը կկարողանան խաղաղ միջոցներով լուծում գտնել։

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն իր հերթին ուշադրություն դարձրեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի այն հայտարարությանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին տեղեկացրել են իրավիճակի մասին։

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԶՈՒ կողմից Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունները, հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները պետք է լուրջ աշխատանք տանեն` Ադրբեջանի վրա ազդելու համար։

Նա նշել էր, որ Երևանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան, Անջեյ Կասպրշիկին տեղեկացրել է սահմանամերձ գյուղերի գնդակոծության մասին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am