«Ես 16 տարեկանից աշխատում եմ». Հայկ Մարությանը՝ Հյուսիսային Պողոտայում էլիտար տուն գնելու մասին

«Հայկական ժամանակ»-ը իր հրապարակումներից մեկում ներկայացրել էր, թե  որտեղ են բնակվում Երեւանի քաղաքապետի թեկնածուները: Ֆեյսբուքում ակտիվ քննարկվեց հատկապես այն, որ ՔՊ-ի թեկնածու Հայկ Մարությանն ապրում է Հյուսիսային պողոտայում: Այսօր, «Իմ Քայլը» դաշինքի թեկնածուների ասուլիսի ժամանակ , ՀԺ-ն Մարությանից հետաքրքրվեց, թե ինչ միջոցների հաշվին է կարողացել մայրաքաղաքի էլիտար հատվածում բնակարան ձեռք բերել:

«Ես 16 տարեկանից աշխատում եմ , անկեղծ եմ ասում՝ մեկ-երկու տարի ենք գնացել հանգստանալու, քանի որ ժամանակ չեմ ունեցել:  Միայն աշխատել եմ ու կարողացել եմ  ինձ ինչ-որ չափով ապահովել»- ասաց Մարությանը:

Հասարակությունում եւ քաղաքական ուժերի շրջանում կարծիքներ կան, որ Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հաշվին: ՀԺ-ն Մարությանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է Փաշինյանի վարկանիշն իրեն օգնում այս գործընթացում եւ արդյո՞ք նա քաղաքապետ կնտրվեր, եթե առաջադրվեր այլ ուժի կողմից:

«Այստեղ գումարային է: Իմ եւ քաղաքական ուժի վարականիշը գումարվում է իրար: Հզորացումից ունենում ենք այն, ինչ ունենք: Չեմ պատկերացում ուրիշ ուժի կողմից առաջադրումը, որովհետեւ ես այս ուժի ներկայցուցիչն եմ: Ձեր հարցերի պատասխանը սոցհարցումները կարող են տալ կամ, եթե ընտրություն լինի՝ արդյունքներից կիմանանք»,- ասաց թեկնածուն:

Աղբյուրը՝ armtimes.com