Քաղաքական հայտնի կուսակցություններից մեկը արդեն սկսել է ընտրակաշառք բաժանել. վարչապետը չարձագանքեց այդ գրառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին։ Միաժամանակ, սակայն, Փաշինյանը հայտարարել է, թե հարցերը շատ էին, ու ինքը ոչ բոլոր հարցերին է կարողացել պատասխանել։

Հարցերից ու պահանջ-խնդրանքներից շատերը դուրս մնացին ուղիղ եթերից, սակայն չվրիպեցին «Ժողովուրդ» օրաթերթի աչքից։ Օգտատերերից Ռուզաննա Երեմյանը զգուշացնում էր վարչապետին այն մասին, որ ըստ իր տեղեկությունների՝ քաղաքական հայտնի կուսակցություններից մեկը արդեն սկսել է ընտրակաշառք բաժանել։ Քաղաքացիներից մեկը հանդես էր եկել «Օդից փող» առաջարկով՝ հուշելով վարչապետին, որ նա իր լայվերը կարող է յութուբ տեղափոխել, շատ դիտումներ ունենալու արդյունքում յութուբից վճարվել եւ այդ գումարը օգտագործել բարեգործական նպատակով։ Օգտատերերից մեկն էլ պարզապես խնդրում էր ավելի կարճ պատասխանել հարցերին։

Սրանք կես¬կատակ, կես-լուրջ հարցերն էին, որոնք մնացին անպատասխան։ Բայց քաղաքացիները նաեւ լուրջ խնդիրներ էին բարձրաձայնում, ընդ որում՝ անկախ նրանից՝ արդյոք այդ հարցի լուծումը կառավարության իրավասությունների ներքո է, թե ոչ։

Քաղաքացիներից Անուշիկ Սարոյանն ուզում է հասկանալ՝ երբ կլուծվի վատթարագույն վիճակում գտնվող տրանսպորտի հարցը։ Օգտատերերից մեկի հարցը, թե եթե անտառահատումը արգելվում է, գյուղաբնակ թոշակառուն ինչպե՞ս լուծի վառելիքի խնդիրը, ի՞նչ լուծումներ կառաջարկի կառավարությունը, եւս մնաց անպատասխան։

Քաղաքացիներից մեկը հարցրել է վարչապետի տեսակետը դատական բարեփոխում իրականացնելու մասին, մասնավորապես երդվյալ ատենակալների դատարանի ստեղծմանը, նախաքննության մարմինների վերացմանը՝ լիազորությունները բաժանելով դատախազության եւ հետաքննության մարմինների միջեւ՝ փաստաբանությանը ապացույցներ ձեռքբերելու իրական հնարավորություն տալով։

Զինծառայող ունեցող ընտանիքը բողոքում է, որ Մեղրու Ագարակում ծառայող իրենց տղային մեկ ամսվա մեջ ներքնաշոր, բաղնիքի պարագաներ եւ էլի շատ բաներ են ուղարկել։

Ընտանիքը ուզում է հասկանալ՝ ե՞րբ կլուծվի այդ խնդիրը զորամասում, եւ հավելում է, որ բացի դրանից այնտեղ շատ գողություններ են լինում։

Հարցերը շատ են, վարչապետը՝ մեկը, եւ ֆիզիկապես անհնար է պատասխանել բոլորին։ Թերեւս հենց սա դարձավ առիթ, որ Փաշինյանը որոշեց քայլ անել եւ «մերժել» հարցերին պատասխանելու տվյալ ձեւաչափը. նա ցանկանում է ավելի արդյունավետ ձեւաչափ գտնել։

Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում