Տիգրան Սարգսյանի դեմ էլ քրեական գործ կհարուցեն

Թերթը գրում է, որ Սարգսյանի դեմ գործընթացն ավելի վաղ պետք է սկսվեր։

«168 ժամ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն ակտիվորեն նյութեր են հավաքում ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի դեմ, որպեսզի քրեական գործ հարուցվի նաև նրա դեմ:

«Նույն աղբյուրների հավաստմամբ՝ նրա դեմ գործընթացը ավելի վաղ պետք է սկսվեր, սակայն դրան խանգարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործից հետո Ռուսաստանից բուռն արձագանքը, որը ռուսական կողմից ընկալվեց որպես ՀԱՊԿ-ի նպատակադրված վարկաբեկման գործընթաց ՀՀ իշխանությունների կողմից»,- նշված է հոդվածում:

Հիշեցնենք` Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Օգոստոսի 4-ին քննչական մարմինները թույլ են տվել Խաչատուրովին լքել երկիրը, և նա վերադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր պարտականությունների կատարմանը։

Ներկա պահին հայկական կողմը քննարկում է գլխավոր քարտուղարին փոխարինելու հարցը։ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2017 թվականին, երեք տարի ժամկետով։