Արմեն Աշոտյանը՝ վարչապետի հայտարարության մասին

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը՝ ֆեյսբուքյան  իր էջում գրել է.

«Նախարար աշխատած տարիներին մեր թիմին հաջողվել էր 2009 թվականին 90-ից ավել մասնավոր բուհերի թիվը 2015-ին հասցնել շուրջ 30-ի, ինչը էլի շատ էր: Միաժամանակ օրենսդրական հիմքով ԿԳՆ դաշտ էի բերել նաև բժշկական կրթության մասնավոր հաստատությունները, բայց ամբողջությամբ լուծել խնդիրը չեմ հասցրել: Սակայն երեկվա նիստին վարչապետի բերած օրինակների մասով մտահոգ եմ:

Դիվանագիտական ակադեմիան և Արդարադատության ակադեմիան հետդիպլոմային կրթության հաստատություններ են, որոնք շարունակական կրթության և մասնագիտական վերապատրաստումների հնարավորություն են ստեղծում ոլորտի մասնագետների համար:

Երկուսն էլ հիմնադրվել են և աշխատել են ԵՄ աջակցությամբ: ԵՊՀ համապատասխան ֆակուլտետների և այս ակադեմիաների գործառույթները չեն հակադրվում, այլ մեկը մյուսի շարունակությունն են: Կարծում եմ՝ արտաքին գործերի, արդարադատության, կրթության և գիտության նախարարները պետք է միասին պարզաբանեն հարցը»: