2003 թվականի սեպտեմբերի 13-ին, կեսգիշերին Էջմիածնի Պատկանյան հասցեում գտնվող բիլիարադանոցից դուրս բերվեց 28 ամյա Ավետիք Դանղյանի կիսամեռ մարմինը: Երիտասարդին ծեծել էին միայն նրա համար, որ «հանդգնել էր» մերժել բիլիարդանոց մտած գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի `իր առջև ծունկի գալու հրամանը:
Ավետիքի մերձավորներից մեկը պատմում է. «Սեփական խաղատանը «օտար» այցելու տեսնելով՝ գեներալը հարկադրում է Ավոյին իր առջև ծունկի գալ: Բնավորությամբ չկոտրվող Ավոն հրաժարվում է, ինչի արդյունքում էլ դառնում է գեներալի հերթական զոհը»:
Գեներալը մի քանի տասնյակ մարդկանց ներկայությամբ ծեծում է երիտասարդին: Միջադեպի վկաներից ոչ ոք չէր համարձակվել միջամտել, այնքան ժամանակ, մինչև գեներալն ինքնաբավարավել էր, իսկ Ավոն գիտակցությունը կորցրել է վերջին հարվածից հետո, երբ բիլիարդի խաղաձողը գեներալը մխրճել է տղայի մարմնի մեջ:
Լուսաբացին վատ լուրն արդեն քաղաքի սեփականությունն էր, խոսում էին բոլորը, բայց միայն շշուկով: Կատարվածի մասին լռությունը չխախտեցին նաև տուժողի հարազատները:
«Մեզ վախեցնում էին, ասում էին, եթե բողոքենք, ավելի վատ կլինի: Մեր տան մեջ մենք պատանդ էինք: Անգամ Ավոյին հիվանդանոց չթողեցին տանեինք, բուժում էինք, ինչպես և ինչով կարողանում էինք։ Դրա համար էլ դատաբժշկական եզրակացություն չկա։ Տունն անգամ հսկողության տակ էին առել, որ հանկարծ չբողոքենք»,-պատմում է տուժողի ազգականը։ Հարազատներից մեկը ասում է, որ դիմել է իրեն ծանոթ Հանրապետության գլխավոր դատախազության պաշտոնյաներից մեկին, որ գործ հարուցեն, սակայն պաշտոնյան ասել է, որ իրենք անզոր են գեներալի դեմ։
2005 թվականի հունվարին, օրը ցերեկով, Էջմիածնի շուկայի մոտ գեներալը ծեծում է հայ առաքելական եկեղեցու սպասավոր Տեր Խաչատուր աբեղա Կնյազյան (ներկայումս հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի հովիվ), այն բանի համար, որ իբր հոգեւորականը սխալ տեղ էր ավտոն կանգնեցրել։ Ականատեսը, որը չցանկացավ ներկայանալ, պատմում է. «Երբ հոգևորականը ծանրաբեռնված դուրս եկավ շուկայից`իսկույն ևեթ ենթարկվեց գեներալ Գրիգորյանի հարձակմանը`թե ինչու է մեքենան այդտեղ կանգեցրել: Չհասցնելով պատասխանել՝ բռունցքների տարափ է ստանում գլխին»: Օրեր անց ականատեսներից մեկը ասելու էր` թե քյուֆթա գնելու եկած տեր հայրը կես ժամ անց ինքն անձամբ էր քյուֆթա դարձել:
Դեպքը չսասանեց հոգեւոր դասի եւ Վեհափառ հայրապետի անդորրը, եւ նրանք հարցը պատերի տակի խոսակցություններից չտեղափոխեցին օրենքի հարթություն: Քանի որ Էջմիածնի իրականության մեջ իշխանությունն էլ, օրենքն էլ, տվյալ դեպքում`եկեղեցին էլ շղթայի այն օղակներն են, որոնք գեներալի իշխանության տակ են: Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդամենն իր դժգոհությունն էր հայտնել գեներալին և նրանից ստացել պատասխան. «Հոգևորականի հագուստով չէր`որտեղի՞ց իմանայի, թե ով է»։
2006թ. քաղաքապետարանի բարեկարգման նախկին տնօրեն Սեյրան Գրիգորյանին աշխատանքից ազատելուց առաջ Գրիգորյանի որդու շրջապատը նրան դաժանորեն ծեծում է։
Սեպտեմբերի 25-ին երեկոյան ութի մոտ գեներալի որդին՝ Կարեն Գրիգորյանը Կիրովի փողոցի վրա մի երեւանցու ծեծել է, հետո ոտքին կրակել, քանի որ մեքենա վարելը նրա դուրը չի եկել։ Երբ պետական եւ հասարակական մարմիններն իմանում են դեպքի մասին, գեներալի մարդիկ տարածում են, թե կրակողը եղել է գեներալի փեսան՝ Արտակ Պողոսյանը, որպեսզի փրկեն փոխքաղաքապետի հեղինակությունը։ Սակայն երբ տուժողին սպառնալով ստիպում են հատուցում չպահանջել, դեպքը կոծկում են վերջնականապես։ Ոստիկանության լրատվության բաժնից հաղորդում են, որ նման դեպք չի եղել Էջմիածնում։
* * *
Մանվել Գրիգորյանը կամայականորեն փակել է Սպանդարյան փողոցի մի մասը: Այն արգելված գոտի է վարորդների համար: Այս փողոցում է գտնվում նրա սեփականությունը հանդիսացող Գրիգոր Լուսավորիչ համալսարանը, որի առաջին շրջանավարտներն են եղել ԱԺ պատգամավոր, գեներալի եղբոր որդի Հրանտ Գրիգորյանը, Էջմիածնի ներկայիս քաղաքապետ Գագիկ Ավագյանը և գեներալի շրջապատի այլ մարդիկ:
Քաղաքի գլխավոր պետավտոտեսուչի անմիջական մասնակցությամբ երկկողմանի փողոցի մի հատվածը փակվել է արգելաձողով, վրան էլ դրել մուտքն արգելող նշան: Փողոցի փակման մասին որևէ որոշում, կարգադրություն կամ ցուցում այդպես էլ չգտնվեց ոչ քաղաքապետարանում, ոչ էլ պետավտոտեսչության էջմիածնի բաժանմունքում:
Փակ փողոցի վրա գտնվող ծառուղին կանաչապատվել, գեղեցկացվել, լուսավորվել է, բայց, դրանից բնակչները գրեթե չեն օգտվում,-շառից, փորձանքից հեռու,-մտածում են: Ծառուղին քաղաքում հայտին է Սարսափի պուրակ անունով:
Փակված են նաեւ նրա տուն տանող փողոցների հատվածները։
Ալավերդյան փողոցում, ուր 2004 թվականից բնակություն է հաստատել Մանվել Գրիգորյանը, տները կտրուկ արժեզրկվել են: Քանի որ մարդիկ վախենում են գեներալի հարեւանությամբ ապրել։ Քաղաքում կես կատակ, կես լուրջ ասում են, որ այդ փողոցի տները մեկ պարկ ալյուրի գնով էլ չեն վաճառվում: Այստեղ բնակիչները ամեն լուսաբացին հարկադրաբար գեներալի հետ հեծանիվ են քշում:
Այս փողոցում մահվան թափորի երթն արգելված է: Տարածքում հանգուցյալ ունեցողները մեռելը այգիների միջով են դուրս բերում գերեզմանատուն:
«Մարդիկ վախենում են, որովհետեւ մեկի երեխան բանակում է, մյուսը հող կամ օբյեկտ ունի, որը կխլեն: Այստեղ ամեն ինչ խլելով է, եթե դա նրանց դուր է եկել`տանում են, լինի դա հողատարածք, լցակայան, թե հյուրանոց… »-ասում է նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանը:
Աշխատանքային իրավունքի ոտնահարման առաջին մասսայական դեպքերն արձանագրվեցին 2004թվականին`մսավաճառների նկատմամբ: Շուկա տանող Թումանյան փողոցում (դեռեւս 1990 ականներից շուկան պատկանում է Մանվել Գրիգորյանին, Կառավարությունը սեփականաշնորհել է նրան 1998 թվին, տնօրենը եղբորորդին՝ Զարզանդ (Զնդո) Գրիգորյանն է) գտնվող մսի 10 խանութների տերերին ժամկետ էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը (գեներալի եղբոր որդին), որ եթե հինգ օրում առեւտուրը շուկա չտեղափոխվի կամ կփակվեն խանութները կամ եկամտի 70 տոկոսը կիսեն շուկայի սեփականատերի հետ։ Խանութպանների բողոքները նկարահանեցին Հանրային հեռուստատեսության «Հայլուր» հաղորդումը, «Կենտրոն» եւ Հ2 հեռուստատեսությունները, սակայն նկարահանումներն ու մսավաճառների բողոքները եթեր չտրվեցին։
10 խանութից այսօր աշխատում է երկուսը, որոնցից մեկի տերը գեներալի կողմից ծեծված Ավետիք Դանղյանի զոքանչն է, ինչը փակված խանութների տերերը դիտարկում են որպես փոխհատուցում:
Քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Սուսաննա.Հարությունյանը ասում է. «Շուկան իրենցն է. եթե 70 տարեկան մի տատիկ մի կապ կանաչի բերի`ծախի, ոստիկանները, որ կոչված են հասարակական կարգ ու կանոն պահպանելու, քացով կտան եղածը կթափեն: Այսինքն իշխանական բոլոր լծակներն էլ է օգտագործում ի շահ իրեն. ջարդելով մտցնում են շուկա»:
Որպեսզի գեներալին պատկանող հացի գործարանի արտադրանքը լավ սպառվի, գեներալը կարգադրել է մյուս հաց արտադրողներին որոշակի չափից ավել հաց չարտադրել։
Մանկապարտեզներից սկսած երեխաների մեջ սերմանվում է սեր եւ նվիրում ոչ թե հայենիքի, այլ գեներալ Գրիգորյանի նկատմամբ: Մասնավորապես, բոլոր մանկապարտեզներում սովորեցնում են «5-րդ ջոկատ» երգը, որը գեներալի մասին է եւ նրա սիրած երգն է ու որը երեխաները կատարում են բոլոր հանդեսների ժամանակ: Երգը նաեւ հարսանեկան հանդեսների երգացանկում է, եթե «մանվելականներից» ներկաներ կան.վայ նրան, ով անարձագանք կթողնի երգը եւ չի պարի դրա ներքո:
Գեներեալ Գրիգորյանը քաղաքում ինչ հավանում, խլում է տիրոջ ձեռքից, այդպես նա խլել է «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը (հիմնադիրները չեն ցանկանում այդ մասին խոսել), բենզալցկայան եւ այլն։
Սուսաննա Հարությունյանը ասում է, որ գեներալները «Պատերազմը սարքել են Քաջ նազարի դրոշակ: Ի՞նչ է Երկրապահ կամավորականների միությունը (Պատերազմի վետերանների կազմակերպություն, որի նախագահը Մանվել Գրիգորյանն է), մի տեղ ծեծում են, մի տեղ սպանում: Պատերազմի արհավիրքը բոլորս ենք տեսել, դրա հասցրած վնասները կրել ենք ամենքս: Պատերազմը հաղթել ենք ազգովի, հո՞ մենակ Մանվելը չի հաղթել: Նրա թիկնապահները ամենուր հարբած վիճակում մարդկանց են ծեծում և հայտարարում, որ Մանվելը հերոս է: Իմ կարծիքով այդպիսով ինքը չի հերոսանում, ընդհակառակը անընդհատ ցածրանում է: Կռվել է, լավ է արել, խոնարհվում ենք նրա բոլոր քաջագործոթւյուների առաջ, հո կրակը չենք ընկել: Թող պետությունը իրեն կանչի ասի`ախպեր ջան, քեզ տասը հատ տուն ենք տալիս, 60 հատ կալոնկա (գազալցակայան) միայն թե դու քո գյուղացուն, քո հարևանին, քո բարեկամին մի դիպչիր, մի ոտնահարիր նրանց ինքնասիրությունը: Թե չէ ատրճանակը մարդկանց ճակատին պահելով պատիվ չես ստանա: Այն ստանում են կյանքով ու կենսագրությամբ: Լավ, պատերազմի ժամանակ հաղթել են թշնամուն, հիմա ու՞մ են ուզում հաղթել։ Մեր ժողովրդի՞ն։ Թե չէ այն տպավորություն ունեմ, որ ներքին ագրեսիա ունեն այս ժողովրդի հանդեպ: Ինչպե՞ս կարելի է, եթե ագրեսիա կա, թող այն դրևորվի արտաքին թշնամիների դեմ»: