«Սեր և Հանդուժողականություն» բառերից մնացել է խուլ արձագանք

Առանց հրապարկումների բովանդակությանը ծանոթանալու, միայն վերնագրից հետևություններ անելով՝ մեկնաբանություն գրելու մեխանիզմին նոր չէ, որ ծանոթ ենք: Սակայն այս տեխնիկան գնալով սրվում ու առավել տհաճ հետևանքների է հանգեցնում հատկապես քաղաքական վերջին զարգացումներից հետո:

Մեդիապատերազմի ու  քաղաքական ուժերի միջամտությամբ կոնկրետ ուղղվածություն որդեգրած  լրատվամիջոցների հրամցրած լրահոսն այնքան է լճացել, որ օգտատերերն այլևս հարկ չեն համարում ու ժամանակ էլ չեն տրամադրում նյութի ասելիքին ծանոթանալու ու թացը չորի հետ չխառնելու համար: Ֆեյսբուքյան պատերը ողողված են լրահոսով, մինչդեռ բովանդակության պետք չկա. վերնագիրը կա՝ բավական է:

Ճիշտ րոպեներ առաջ «Արթուր Իսպիրյանը քաղաքացու մտահոգությունները «զռռոց» է անվանել. Այսօրվա հանրահավաքի մասին» վերնագրով մեր հրապարակմանը հաջորդեց օգտատերերի բուռն արձագանքն ու հասցեավորված մեղադրանքները: Թավշյա հեղափոխության պաշտպանությունն իրենց ձեռքն անհարկի վերցրած ֆեյսբուքյան մեկնաբանները լծվեցին երգչին պիտակավորելու գործին:

Ընդհուպ հհկ-ական ու դավաճան որակելով Իսպիրյանին՝ ով դեռ մի քանի գրառում առաջ իրենց սիրելին ու իրենցից մեկն էր: Իսկ ի՞նչ էր արել Իսպիրյանը… ոչ այլ ինչ, քան «զռռացող» էր անվանել իր կարծիքը հայտնող քաղաքացուն: Ու արդեն իր հասեցին հնչած մեղադրանքներից հետո երգիչը վստահաբար կհասկանա բոլոր նրանց, ովքեր դառնում են այս մարդկանց թիրախն ու քննադատվում են բավական կոշտ ձևով:

Դեռ ապրիլ-մայիս ամսիներին ամեն օր հնչած «Սեր և Հանդուժողականություն» բառերից մնացել է խուլ արձագանք: Օգտատերերը սվիններով են ընդունում ցանկացած միտք, որը թեկուզ չնչին հակասում է իրենց պատկերացումներին: Նույն շարքում կանգնած, օրեր առաջ միևնույն գաղափարը վանկարակող մարդիկ պատրաստ են սևացնել ու խաչ քաշել կողքին կանգնած ցանկացածի վրա, ով տառացիորեն չի ասի այն, ինչ իրենք լսել են ուզում. էլ չասենք, թե ինչ է լինում, երբ  որևէ մեկը խիզախում է հակառակ ճամբարին դրական որակ տալ:

LosArmNews.com