Ով է պնդել Փաշինյանի շրջապատից, որ անհապաղ կալանավորեն ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարին

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովի անհապաղ կալանավորման շուրջ, նախքան նրան պաշտոնապես հետ կանչելը, պնդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանը։ Այս մասին հայտնում է EADaily-ն, վկայակոչելով Փաշինյանի շրջապատի իր հավաստի աղբյուրի փոխանցած տեղեկություններին։ Հրապարակման համաձայն, Արսեն Խառատյանը «ավելորդ սկզբունքայնություն» է ցուցաբերել Խաչատուրովի «անհապաղ կալանավորման» հարցի առնչությամբ, թեեւ հասկանալի էր ի սկզբանե էլ, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի եւ ՀԱՊԿ մասով Հայաստանի մյուս դաշնակիցների արձագանքը, եւ ավելին, հասկանալի էլ էր, որ նրա դեպքում «շտապողականություն ցուցաբերելու կարիք ամենեւին չկար եւ ավելի կարեւոր էր Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելը»։ «Բոլորս էլ պարզեիպարզ գիտեինք, որ Խաչատուրովը որեւէ տեղ չի փախչելու։

Ուշ թե շուտ նա ստիպված էր լինելու պատասխանելու քննության հարցերին։ Պարզ էր նաեւ, որ նրա ցուցադրական կալանավորումը կարող է Ռուսաստանի կողմից ընկալվել որպես դեմարշ մեր կողմից, մինչդեռ Հայաստանի նոր կառավարության խնդիրն ընդհակառակը Մոսկվայի հետ հարաբերությունների մթնոլորտի բարելավումն էր»,- պարբերականին փոխանցել է նրա աղբյուրը։ Երեւանյան այն փորձագետները, ովքեր ծանոթ են Արսեն Խառատյանի գործունեությանը, մինչ վարչապետի խորհրդական դառնալը, մատնանշում են, որ նա չափազանց սերտ հարաբերություններ ունի ամերիկյան հիմնադրամների եւ պետական կառույցների հետ։

Նա Ջորջ Մեյսոնի համալսարանի շրջանավարտ է եւ ժամանակին եղել է «Ամերիկայի ձայնի» թղթակիցը։   Մինչեւ վերջերս էլ հանդիսանում էր Թբիլիսիում գործող Aliq Media լրատվական կայքի գլխավոր խմբագիրը, որը հիմնադրել էր Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի՝ NED-ի եւ Ջորջ Սորոսին պատկանող Բաց հասարակության հիմնադրամների վրացական բաժանմունքի ֆինանսական աջակցությամբ։

Որոշ տեղեկությունների համաձայն, Արսեն Խառատյանի կինը աշխատում է Թբիլիսիի ամերիկյան դեսպանատանը՝ զբաղեցնելով դիվանագիտական պաշտոն։   Նշենք, որ այս ամենից հետո, Մոսկվայում խոսում են, որ Հայաստանի առաջարկած հաջորդ թեկնածուն ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մերժվելու է քվեարկության ժամանակ, քանի որ Երեւանում շարունակվում է տուրբուլենտային ներքաղաքական պրոցեսները եւ չի բացառվում, որ նոր թեկնածուն էլ ապագայում կարող է լինել մեղադրանքների թիրախ։

EADaily-ի տվյալներով, ներկայումս Խաչատուրովին որպես փոխարինող դիտարկվում են՝ նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ նախկին Պնախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունները, սակայն ներկայումս ՀԱՊԿ-ն այս առնչությամբ փաստաթղթային որեւէ ծանուցում չի ստացել։   Նշենք, նաեւ, որ ներկայումս Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը գանգատ է ներկայացրեց Վերաքննիչ դատարան, կապված իր պաշտպանյալի կալանավորման իրավաչափության խնդրի հետ։

Աղբյուրը՝ primenews.am