Օդանավակայանում փոխվարչապետն ու նրա գրասենյակի ղեկավարը խմե՞լ են և քնած մնացել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Լոնդոն կատարած այցը սահուն եւ հարթ չի անցել։ Մեզ հասած լուրերով՝ փոխվարչապետն ու նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը մինչ թռիչքը հանգրվանել են Մոսկվայի օդանավակայանի VIP սպասարկման սրահում, որտեղ պետք է մի քանի ժամ անցկացնեին՝ մինչև Լոնդոն թռչող ինքնաթիռը նստելը։ Բայց երիտասարդները, հավանաբար, շատ են ոգևորվել իրենց անսպասելի հաջողություններից և բարձր կարգավիճակից ու սկսել են վայելել լաունջի հաճույքները։

Խմիչքի չափաքանակը, հավանաբար, մի քիչ շատ է եղել, երիտասարդները քնած են մնացել և ուշացել ինքնաթիռից։ Հետո զանգահարել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանին՝ խնդրելով իրենց համար հյուրանոցի սենյակ պատվիրել, սակայն քանի որ այդ օրերին ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր ընթանում, բոլոր հյուրանոցները զբաղված են եղել, եւ Ավինյանն ու նրա գրասենյակի ղեկավարը ստիպված են եղել գիշերել օդանավակայանում։

Վարագ Սիսեռյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ինքնաթիռից ուշացել են։ Նա ասաց․ «Այդպես չի եղել։ Եղել է դեպք, որի հետևանքով ավելի ուշ ենք գնացել, բայց 1 օր չենք ուշացել։ Մոսկվայից ուշացում եղել է, բայց միջոցառումից չենք ուշացել։ Իմիջիայլոց, միայն մենք չէինք ուշացել, մոտավորապես այնտեղ 20 հոգի կային, որոնք բոլորն էլ բողոքել էին, որովհետև շուտ էին փակել գեյթերը։

Մենք էնտեղ մեր բողոքը ներկայացրել ենք, նաև տեղյակ ենք պահել Հայաստանի աէրոֆլոտին, որ այդպիսի բան է եղել, խնդիր չառաջացնելու համար սպասել ենք հաջորդ թռիչքին, հաջորդ թռիչքով գնացել ենք Լոնդոն։ Ասեմ՝ իմանաք, որ Լոնդոնի այցը հատուկ բարեգործական այց էր, ՀԲԸՄ-ն էր կազմակերպել, այսինքն՝ պետական միջոցներով չէր։ Միայն մեր ինքնաթիռի հետ չէր խնդիրը, Մունդիալի օրերն էին, իրենք մեկը մյուսի ետեւից խնդիրներ ունեին, դրա համար գեյթերն ավելի շուտ էին փակել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: