Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլի փառահեղ վրեժը

Հայ ազգային կոնգրեսի անդամներն ու համակիրները՝ փոխնախագահ Արամ Մանուկյանից սկսած, վերջացրած Երջանիկ Աբգարյանով, «պատմական պահ» են որակել Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու և նրան կալանավորելու որոշումը: Արամ Մանուկյանը մասնավորապես ասել է, որ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը նշանակում է, որ նա խլել է ուրիշի իշխանությունը: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրել ու կալանավորել Ռոբերտ Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Սակայն եթե այս ամենը քաղաքական վենդետա, կամ անձնական վրեժխնդրություն չէ երկրորդ նախագահի նկատմամբ, ապա նույն հոդվածով պետք է կալանավորվեն Հայաստանի մյուս երկու նախագահները եւս: Հայաստանում Սահմանադրական կարգը առաջին անգամ տապալվեց հենց Սահմանադրության ընդունման տարում՝ 1995 թ. խորհրդարանի եւ 1996 թ. նախագահի ընտրություններում, երբ սկիզբ դրվեց իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմների ոչնչացմանը:
Այս օրերին կրկին հիշում են Վազգեն Սարգսյանի այն հայտարարությունը, որ եթե ընդդիմությունը հարյուր տոկոս ձայն էլ ստանար, իրենք իշխանությունը չէին հանձնելու: Այն ժամանակ ընդդիմադիրները բանտարկվեցին ու խոշտանգվեցին, ներքաղաքական գործընթացներում օգտագործվում էին երկրապահները, որոնք այն ժամանակ նաեւ ծառայության մեջ էին զինված ուժերում: Մտցվեց արտակարգ դրություն եւ հենց այս իրադարձություններով Հայաստանում հիմք դրվեց ընտրակեղծիքին: Սրան գումարած՝ 1990-ից մինչեւ 1998-ը՝ մինչ օրս չբացահայտված հարյուրավոր քաղաքական եւ ոչ քաղաքական սպանություններ՝ Վանո Սիրադեղյանի անմիջական վերահսկողության ներքո իրականացված, նույն թվականներին երկրից արտագաղթված ավելի քան 700.000 մարդ, հիմնականում մտավորականություն: Պատերազմի եւ ժողովրդի արյունի վրա միլիարդներ գողանալն ու հարստություն դիզելը, վագոններով մազութի անհետացումն ու այլ թալան, որի մասին բարձրաձայնում էին այդ ժամանակվա ընդդիմադիրները:

Այս ամենի ավելի կատաելագործված իրողության համար էլ պետք է սկսել նախեւառաջ երրորդ նախագահից՝ Սերժ Սարգսյանից, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում բացահայտեց, որ ինքը ամեն րոպե, ամեն պահի շոկի է ենթարկվում կոռուպցիոն բացահայտումների փաստից, այնպիսի բաներ են տեղի ունենում, որ ինքը երբեմն թույլ չի տալիս իրեն զեկուցել, քանի որ չի դիմանում: Այդ դեպքում ինչու թողած Սերժ Սարգսյանին, սկսել Ռոբերտ Քոչարյանից: Հարցի պատասխանը մի քանի ենթադրությամբ է լուծվում: Կամ Նիկոլ Փաշինյանը անձնական վրեժխնդրությունն է լուծում Քոչարյանի նկատմամբ Մարտի –ի եւ իր անձնական զրկանքների համար, կամ էլ առաջին նախագահի քաղաքական պլանն է գործի գցված ու վերջինս իր վրեժն է լուծում երկրորդ նախագահից: Արցախի տարածքների հանձնման վերաբերյալ իր հայտնի տեսակետը առաջին նախագահը չիրագործեց Վազգեն Սարգսյանի ու Քոչարյանի պատճառով, վերջինիս նախագահությամբ ու Տեր-Պետրոսյանի հրաժարականով կանխվեց այդ ազգադավ գործընթացը, որը մտադիր էր կյանքի կոչել հիմնադիր նախագահը: Հիմա, գուցե փորձում է իրականացնել տապալված ծրագիրը եւ այդ ճանապարին վերացնում է խանգարող հանգամանքը՝ ի դեմս Քոչարյանի, ով այն եզակի գործիչներից է, որը մի միլիմետր չշեղվեց Արցախի հարցում անզիջուն իր կեցվածքից:

Անի Սահակյան

Աղբյուրը՝ hayeli.am