Գրեթե կասկած չկա, որ դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, դառնալու է Հայաստանի Երրորդ հանրապետության պատմության ընթացքում մայրաքաղաք Երևանի 12-րդ քաղաքապետը։ Դեռևս ավագանու ընտրությունների օրն անգամ նշանակված չէ, սակայն նոր քաղաքապետի հարցում անորոշություն այլևս չկա. նա երկրի ժողովրդականություն վայելող միակ գործչի՝ հեղափոխության առաջնորդ ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է։ Այսքանով թերևս ամեն ինչ ասված է. հեղափոխություններն ունեն իրենց օրինաչափությունները, որոնց դեմ անզոր են անգամ քաղաքական ռացիոնալ փաստարկներն ու բանական մտածողությունը։
Սակայն այնպես չէ, որ Երևանի նախորդ 11 քաղաքապետերի ընտրության հարցում գործել են ինչ-որ չափանիշներ, կամ թեկնածուների համար առաջադրվել են որոշակի նշաձողեր. բոլոր դեպքերում կադրային քաղաքականությունը հարմարեցվել է օրվա իշխանությունների կամ պետության առաջին դեմքերի նախապատվություններին, որոնք եղել են տարբեր գործոնների հանրագումար։
Երրորդ հանրապետության տարիների առաջին երկու քաղաքապետերը՝ Համբարձում Գալստյանն ու Վահագն Խաչատրյանը, ընտրվել են քաղաքային խորհրդի կողմից, որն իր հերթին ձևավորվում էր համաժողովրդական ընտրությամբ, սակայն ի տարբերություն գործող ընտրակարգի՝ մեծամասնական սկզբունքով։ 1995-ից մինչև 2009-ը Երևանն ունեցել է մարզի կարգավիճակ, ու քաղաքապետերը նշանակվել են կառավարության որոշմամբ։ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին անցում կատարվեց այսօրվա ընտրակարգին, թեև ընտրությունների ինստիտուտն իմիտացիոն դեր էր կատարում. քաղաքապետերն ըստ էության նշանակվում էին Բաղրամյան 26-ից։
Քաղաքական քաղաքապետերը
Երրորդ հանրապետության տարիներին Երևանի առաջին քաղաքապետ դարձած Համբարձում Գալստյանը նույնպես, մեծ հաշվով, հեղափոխության թեկնածուն էր, սակայն ի տարբերություն քաղաքապետի այսօրվա թեկնածուի՝ Գալստյանը քաղաքական ֆիգուր էր՝ բառի իսկական ու դրական իմաստով։ Նա «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, ՀՀՇ վարչության առանցքային անդամ։ Երջանկահիշատակ Համբարձում Գալստյանը բոլորիս հիշողության մեջ հենց հեղափոխական ձեռնարկումով էլ կմնա. նրա նախաձեռնությամբ Երևանի կենտրոնական հրապարակից հանվեց Լենինի արձանը։
Թեև 1996-ին Երևանի քաղաքապետի պաշտոնն արդեն նշանակովի էր, բայց քաղաքական համատեքստում էր նաև Վանո Սիրադեղյանի պաշտոնավարումը։ Այդ օրերի ՀՀՇ առաջնորդը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավոր թիմակիցն էր ու լարված հարաբերությունների մեջ էր վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Վանո Սիրադեղյանը հրաժարական տվեց 1998-ի փետրվարի 2-ին, ու դա նշանային իրադարձություն էր, որով, ըստ էության, նախապատրաստվում էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հեռացումը. Հայաստանում տեղի ունեցավ պալատական հեղաշրջում։
Երևանի քաղաքապետի պաշտոնում քաղաքական մոտիվներով է հայտնվել նաև Ալբերտ Բազեյանը, ով 1999-ի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ դարձած Վազգեն Սարգսյանի մերձավոր զինակիցներից մեկն էր։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից ու հատկապես վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո Բազեյանը սուր հակադրության մեջ էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչն ի վերջո 2001-ի հունվարին հանգեցրեց քաղաքապետի հրաժարականին։ Ռոբերտ Քոչարյանն իշխանությունից հետևողականորեն դուրս էր մղում Վազգեն Սարգսյանի կադրերին։
Ռոբերտ Քոչարյանն օկուպացրեց Երևանը
Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի իշխանությունը յուրացրել էր 1998-ին, սակայն Երևանի «օկուպացիան» սկսեց միայն այն բանից հետո, երբ այլևս տիրապետում էր միահեծան իշխանության։ 2001-09թթ.-ներին Երևանի քաղաքապետի պաշտոնները հաջորդաբար զբաղեցրին քրեաօլիգարխիկ համակարգի ամենակոռումպացված դեմքերից երկուսը՝ Ռոբերտ Նազարյանն ու Երվանդ Զախարյանը, որոնց պաշտոնավարման տարիներին Երևանն իր վրա կրեց Քոչարյանի ու նրա կրիմինալ շրջապատի անճաշակության, ագահության, որկրամոլության, գռեհիկ ուժի ֆետիշացման բոլոր հետևանքները՝ աղճատվելով քաղաքաշինական տեսանկյունից ու դառնալով հանցավոր փողերի «լվացքատուն»։ Այս ժամանակահատվածում իրենց տներից վտարվեցին Երևանի Հյուսիսային պողոտայի և Բուզանդի փողոցի բազմաթիվ բնակիչներ։ Անհամաչափ փոխհատուցման համար նրանցից շատերն առ այսօր պայքարում են իրենց իրավունքների համար. Ռոբերտ Քոչարյանի ու նրա դրածո քաղաքապետերի ապօրինությունների համար այսօր վճարում է Հայաստանի հասարակությունը՝ իր հարկերի հաշվին փոխհատուցելով Եվրադատարանում կայացված վճիռների համար։
Սերժ Սարգսյանի «եռյակը»
2005-ի սահմանադրական փոփոխություններն անդրադարձան նաև մայրաքաղաքի կարգավիճակի հարցին. ընդունվեց Երևանի մասին օրենք, որի համաձայն՝ 2009-ից փոխվեց մայրաքաղաքի կառավարման համակարգը։ Երևանի ընտրողները ձևավորում են ավագանի բացառապես համամասնական ընտրակարգով. հաղթող կուսակցության առաջին համարն ընտրվում է քաղաքապետ։ Ընտրությունների ինստիտուտի վերականգնումը ձևական բնույթ ուներ, որովհետև երկիրն ապրում էր հակասահմանադրական ռեժիմում, և քաղաքապետի հարցն ըստ էության միանձնյա որոշում էր Սերժ Սարգսյանը՝ օլիգոպոլ համակարգի տրամաբանությունից և ընթացիկ կոնյունկտուրայից ելնելով։
Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ավագանու երեք ընտրություններն ուղեկցվել են զանգվածային ընտրակաշառքներով, ադմինիստրատիվ ռեսուրսի տոտալ չարաշահմամբ, բոլոր երեք քաղաքապետերը՝ Գագիկ Բեգլարյանը, Կարեն Կարապետյանը և Տարոն Մարգարյանը, ներկայացրել են քրեաօլիգարխիայի որոշակի սեգմենտներին և քաղաքային կառավարումն ամբողջովին ենթարկեցրել են կոռուպցիոն համակարգի տրամաբանությանը։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին անիմաստ էր խոսել անգամ տեղական կառավարման ինստիտուտի ավտոնոմության կամ ինքնուրույն քաղաքականության մասին։ Պատահական չէ, որ հեղափոխությունից հետո հրաժարական են տվել ՀՀԿ անդամ գրեթե բոլոր քաղաքապետերը։
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն առաջինն են թավշյա հեղափոխության հաղթանակից հետո։ Դրանց հիմնական առաքելությունը օրինական ընտրությունների մոդելի փորձարկումն է։ Եթե դա հաջողեց, կարող ենք խոսել հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի մասին։ Ինչ վերաբերում է Կարգին Հայկոյի թեկնածությանը, ապա դա հեղափոխության էքսպերիմենտներից մեկն է՝ բոլոր առումներով ռիսկային որոշում, որն առնվազն արդարացված չէ խորհրդարանական ընտրություններից առաջ։