Ռուսաստանն ունի բոլոր լծակները մեր տարածաշրջանում նոր պատերազմ թույլ չտալու համար.Փաշինյան

Հայաստանի վարչապետը կարծում է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ավելացնում է պատերազմի հավանականությունը։ Նա համոզված է նաև, որ Ռուսաստանը պատերազմը թույլ չտալու համար բոլոր լծակներն ունի։ց

Իրավիճակը տարածաշրջանում շատ լարված է ու, հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, Արցախում պատերազմի հավանականությունը շատ մեծ է։ Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմին։ Ես ու բոլորը Հայաստանում համոզված են, որ Ռուսաստանն ունի բոլոր միջոցները մեր տարածաշրջանում էսկալացիայի նոր շրջադարձ թույլ չտալու ու Ադրբեջանին Հայաստանի ու Արցախի վրա հարձակվելուց զսպելու համար», – ընդգծել է Փաշինյանը։

«Ես ոչ մի կերպ չեմ կարող հավատալ, որ մեր ռազմավարական գործընկերը, մեր դարավոր եղբայրն ու բարեկամը թույլ կտա տա, որ պատերազմ լինի։ Չեմ կարող հավատալ դրան», – նշեց նա։

Փաշինյանը պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի հետ քննարկել են ռուս–ադրբեջանական զենքի գործարքները, բայց մանրամասները չի հայտնել։ Նա ընդգծել է, որ զենքի վաճառքի էմբարգոն քննարկվելու է Ռուսաստանի, Բելառուսի ու ՀԱՊԿ գործընկեր պետությունների հետ։

Վարչապետը կարծում է, որ Վլադիմիր Պուտինն արել է առաջին քայլը` ծանոթացնելով նրան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման ժամանակ։ Սակայն Փաշինյանը համոզված է, որ այդ ծանոթությունն այդքան էլ արդյունավետ չէ, քանի որ ավելի ուշ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ընթացքում նրանք Ալիևի հետ չեն շփվել` նույնիսկ միմյանց չեն բարևել։

Աղբյուրը` armeniasputnik.am