Ալիկ Սարգսյանը մանդատը վայր է դնում. ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է շուտով գրելու

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պատրաստվում է պատգամավորական մանդատը վայր դնել ու դուրս գալ քաղաքականությունից: Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Սարգսյանը: Վերջինս նշեց, որ այլեւս քաղաքականությամբ չի զբաղվելու:

«Ես բավարարված եմ էս ամեն ինչից, ինչ տեսա, հիասթափված եմ վերջնականորեն եւ որեւիցե կուսակցության ջրաղացին ջուր լցնել չեմ պատրաստվում: Ես ինձ տենց չեմ ցածրացնի՝ էս տարիքում գնամ ընկնեմ ժողովրդի դուռը՝ սրան ձեն տվեք, նրան, մանավանդ կարող է արդարության պտուղը շատ թույլ լինի, ես այդպիսի բան չեմ անի»,- նշեց նա:

Պատգամավորը հայտարարեց, որ ԱԺ-ից դուրս է գալու. «Ես չեմ մնալու, ինձ էդ մանդատը պետք չի»:

Ալիկ Սարգսյանը նաեւ հայտարարեց, որ սեփական կուսակցության՝ ՀՀԿ-ի կողմից խաբված է եղել. «Հավատացել եմ մեր կուսակցության կուրսին, որ զբաղված է եղել այն բանով, որ մեր երկիրը ծաղկի: Բայց հիմա այդ փաստերը, որ բերում, ներկայացնում են մի քանիսի մասին, սա խաբվածություն չի»:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մինչեւ ԱԺ-ի նոր նստաշրջանի մեկնարկը Ալիկ Սարգսյանը դիմում կգրի եւ դուրս կգա ՀՀԿ-ից: Այսինքն՝ նա մինչեւ սեպտեմբեր ՀՀԿ-ում չի մնալու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը ՀԺ-ին տեղեկացրեց, որ Ալիկ Սարգսյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում դեռ չի ներկայացրել:

Ի դեպ, նա ՀՀԿ խորհրդի անդամ է, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավարը:

Աղբյուրը՝ armtimes.com