1in.am-ը գրել է. Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. այս բառերով ուղիղ երեք ամիս առաջ հրաժարական տվեց Հայաստանի երրորդ նախագահ և վարչապետի կարգավիճակում ընդամենը վեց օր պաշտոնավարած Սերժ Սարգսյանը։ Հրաժարականի տեքստն ու կառուցվածքն ինքնին հետաքրքիր էին, որովհետև համաշխարհային պատմության մեջ հազվադեպ են դեպքերը, երբ հեղափոխության հետևանքով իշխանությունից հեռացող ղեկավարը ոչ միայն ընդունում է իր պարտությունը, այլ նաև ըստ էության նշում է իշխանության ժառանգորդի անունը։ Հայկական հեղափոխության ֆենոմենն անբացատրելի է, որովհետև դեռ ամիսներ առաջ Հայաստանում որևէ մեկը չէր կարող կանխատեսել հեղափոխություն՝ մանավանդ, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունները կարծես թե փակել էին վարչապետի հարցը։ Սերժ Սարգսյանն իր նախագահական պաշտոնավարման տասը տարիների ընթացքում բարեհաջող լուծել էր ընդդիմության չեզոքացման ու ներհամակարգային հակառակորդներին ֆիլտրելու հարցը, և սահմանադրական փոփոխություններից հետո որևէ մեկի մեջ կասկած չէր առաջանում, որ Հայաստանը դեռ երկար տարիներ հանդուրժելու է Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Մյուս կողմից՝ քաղաքական կայունությունը թվացյալ էր, երկրում ստեղծված իրավիճակը բոլոր առումներով շատ ավելի կոնտրաստային էր, քան կարող էր թվալ առաջին հայացքից։ Հայաստանի հասարակությունը՝ չնայած տեսանելի դիմադրության բացակայությանը, չէր կարողանում «մարսել» եվրասիական քաղաքական մշակույթի «հաղթարշավը», որը ենթադրում է մեկ մարդու անսահմանափակ իշխանության հաստատում՝ ժամկետային ու բովանդակային առումով։ Բացի այդ՝ ակնհայտ կոնտրաստ կար երկրում ստեղծված իրական վիճակի ու այն «աննախադեպ վստահության» միջև, որն ընտրությունների արդյունքում ստանում էր ՀՀԿ-ն։ Պաշտոնական տվյալներով` Սարգսյանի նախագահության տասը տարիներին Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է շուրջ 260 հազար քաղաքացիներով: Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում աղքատությունը ավելացել է շուրջ 2 տոկոսով՝ 2016-ի տվյալներով հասնելով գրեթե 30 տոկոսի: Շուրջ 2 տոկոսով ավելացել է գործազրկությունը՝ հասնելով 18 տոկոսի: Միևնույն ժամանակ, աճել է պետական պարտքը՝ 2008-ի 1.9 միլիարդ դոլարից հասնելով շուրջ 7 միլիարդ դոլարի: Նման ցուցանիշների համատեքստում Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը կլիներ մեր հասարակության անհուսալի լյումպենացման դրսևորում։ Սրան հավելենք այլ փաստեր, որոնք խոսում էին Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման դեմ։ Նա Երրորդ հանրապետության առաջին ղեկավարն է, որը պաշտոնը թողեց տարածքային կորուստներով. 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը Ղարաբաղում 800 հեկտար տարածքային կորուստներ է կրել։ Եթե հավատանք պաշտոնական վարկածին, ապա Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին առնվազն չորս խումբ մտադիր է եղել տապալել նրա իշխանությունը զինված ճանապարհով։ Նման վիճակագրության ու 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների միջև կոնտրաստն ակնհայտ էր, ու հենց դրա ընդերքում էլ ծնվեց հայկական հեղափոխությունը։