Հայաստանի իրավապահ համակարգում հերթական փոփոխությունն է տեղի ունեցել։
Արամ Թամազյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը` նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Թամազյանի հրաժարականի դիմումը։
Արամ Թամազյանը 66 տարեկան է։ 23 տարեկանից աշխատել է իրավապահ համակարգում` նախ որպես քննիչ, ապա՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, Արմավիրի շրջանի միջշրջանային դատախազ, Երևան քաղաքի դատախազ։
Իսկ 2001-2004 թթ.-ին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։
2005թ-ին, գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանի նշանակումից հետո, նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ։
Իսկ 2014 թ.-ի սեպտեմբերի 12-ին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ստեղծումից հետո նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում:
Հիշեցնենք, կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել շուրջ 1 ամիս առաջ և այդ մասին իր աշխատակիցներին հայտարարել հունիսի 11-ին։ Նրան այդ պաշտոնում փոխարինեց նախկին տեղակալ Հայկ Գրիգորյանը։
Հունիսի 18-ին աշխատանքից ազատվել էր նաև Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am