Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Վլադիմիր Պուտինին

1-in.am-ը գրում է. ««Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրահատուկ էր և, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր, և կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Իր հերթին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, և այս ճանապարհին Հայաստանը կարևորում է Եվրամիության աջակցությունն ու պատրաստ է վերջինիս հետ սերտ համագործակցության:

Պետք է արձանագրել, որ Բրյուսելում անցնող երկու օրերին նման աննախադեպ ջերմ ընդունելության արժանացավ ոչ միայն ու գուցե ոչ այնքան Նիկոլ Փաշինյանը, որքան Հայաստանը, այն ժողովրդավարական նոր Հայաստանը, որն ընդամենը շաբաթների ընթացքում այդպիսին դարձավ հենց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Եվրոպան այլևս Հայաստանը համարում է իր մեծ ընտանիքի մի մասը, համարում է՝ անգամ չունենալով դրա իրավապայմանագրային հիմքը, որպիսին է Ասոցացման համաձայնագիրը, ասենք՝ Վրաստանի կամ Ուկրաինայի դեպքում։ Ավելին, իր բովանդակային նշանակությամբ Հայաստանն այսօր շատ ավելին է Եվրոպայի համար, քան անգամ նույն Ուկրաինան ու Վրաստանը։

Տուսկի հայտարարության տողատակը հենց այդ մասին է, Հայաստանում տեղի ունեցածի «եվրոպական» որակումը հենց այն մասին է, որ Եվրոպայի մաս կարելի է դառնալ անգամ առանց համապատասխան իրավական հիմքի։ Հայաստանն այլևս այդպիսին է իր արժեքային համակարգով, իր այն ուղենիշներով, որոնք ներկայացրել է հեղափոխությունն ու նրա առաջնորդը։ Ու պատահական չէ հենց այս օրերին ամերիկյան հեղինակավոր հրատարակություններից մեկի՝ Time ամսագրի անդրադարձը հայկական հեղափոխության առաջնորդին։

«Չորս խաչակիրները, որ վառ են պահում դեմոկրատիայի երազը» վերտառությամբ հոդվածում Time-ը ներկայացրել է ժամանակակից աշխարհի հասարակական այն գործիչներին, որոնք իրենց երկրներում պայքարել են հանուն հաղթանակի. ըստ պարբերականի՝ այդ «չորս խաչակիրներն են» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տոգոյում նախագահի դեմ պայքարող ակտիվիստ, բլոգեր Ֆարդիա Նաբուրեման, Նոբելյան մրցանակակիր, Արաբական գարնան թունիսցի ակտիվիստ Ուիդիդ Բուշամաուին և Նիկարագուայում բռնապետության հաստատման դեմ պայքարող Էնրիֆ Մարտինեսը:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում