Lragir.am-ը գրել է. Գագիկ Ծառուկյանի թիկնազորի ղեկավար Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ու նա կալանավորվել է, Հովհաննես Հարությունովին ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար: Հարությունովի պատմությունն արդեն հայտնի է, ու հայտնի է նաեւ, որ նա հրաժարվել է իր նախնական հայտարարությունից՝ թե Ծառուկյանն ու նրա թիկնապահը ծեծել են իրեն: Հետո նա ասել է, թե ընկել է ու վնասվել: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին ասել էր, թե պարզ է ինչպես է տեղի ունեցել փոփոխությունը: Նա հավանաբար նկատի է ունեցել այն, որ Գագիկ Ծառուկյանը փորձել է պայմանավորվել Հարությունովի հետ, միջնորդավորված, ինչն էլ տվել է արդյունք: Սակայն, դա չի նպաստել, որ քրեական գործը կարճվի, քանի որ հարուցվել էր ծանր մարմնական վնասվածքի հատկանիշով, ինչը նշանակում է, որ եթե դիմումատուն էլ հրաժարվի բողոքից, քննությունը պետք է ընթանա: Այդպիսով, Գագիկ Ծառուկյանը նոր Հայաստանում փորձել է հարցերը լուծել հին Հայաստանի մեթոդներով: Առայժմ չի ստացվել: Ինչ կստացվի հետագայում, դժվար է ասել: Իսկ ի՞նչ հետեւություն է արել Ծառուկյանը, այսպես ասած փորձելով նոր Հայաստանի «կարգը» եւ տեսնելով, որ այն համենայն դեպս բավականին բարձր է, նոր Հայաստանը կեղծ չէ կամ փխրուն, թույլ չէ: Գագիկ Ծառուկյանն ու նրա թիկնազորը գործել է գուցե ակամայից՝ մեքենայաբար, ինչպես հայտնի ֆիլմի հայտնի դրվագում: Այդ դեպքում որն է լինելու նրա հաջորդ քայլը, արդեն ոչ ակամայից, այլ հեռանկարային: Ծառուկյանը ապրիլի վերջին եւ մայիսի 2-ին կատարած երկու ակտը շփոթեց դերի հետ: Նա կողմնորոշման երկու ակտ կատարեց, աջակցելով թավշյա հեղափոխությանը՝ ապրիլի 25-ին եւ մայիսի 2-ին: Ծառուկյանն ըստ երեւույթին համարեց, որ դրանով միանգամից ստանձնել է դեր նոր Հայաստանում, եւ եթե նախկինում իշխանության անվտանգության բարձիկը կամ բուֆերն էր հասարակությունից պաշտպանվելու համար, այժմ կլինի նոր իշխանության բուֆերը ՀՀԿ-ից պաշտպանվելու համար, բայց, ի տարբերություն նախկինի, արդեն իշխանության գալու ռեալ հնարավորությամբ: Սխալն ըստ երեւույթին այստեղ է, որովհետեւ նոր Հայաստանում բուֆերի դերը կամա թե ակամա արդեն պատկանում է ՀՀԿ-ին: Հանրապետականը կամա թե ակամա «խլել» է Ծառուկյանի ակնկալիքը: ՀՀԿ-ն է, որ իր գոյությամբ արգելափակում է ընդդիմություն տանող ճանապարհները, քանի որ իրեն հայտարարելով ընդդիմություն, մյուսներին ստիպել է ընդդիմություն լինելու դեպքում անխուսափելիորեն նույնականանալ կամ հավասարվել ՀՀԿ-ին: Իսկ դա ո՞վ կուզի, առնվազն մինչեւ արտահերթ ընտրություն: Ահա այդ իմաստով, թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակն այնպիսին է, որ ըստ էության այլ դեր չկա, կա երեք դեր՝ իշխանություն, բուֆեր եւ քաղհասարակություն: