Արամ Սարգսյանը չի հերքում` կարող է ընտրվել ԵԿՄ նախագահ

ԵԿՄ–ն ռազմականացված միավոր է և պետք է ունենա մեկ ղեկավար։ Արամ Սարգսյանը դեմ չէ ստանձնել այդ դերը։

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը չի բացառում, որ կարող է Երկրապահ կամավորականների (ԵԿՄ) ղեկավար դառնալ, եթե, իհարկե, այդ պաշտոնում ընտրվի ԵԿՄ համագումարում։ Այս մասին նա այսօր ասաց լրագրողներին` անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԵԿՄ-ում ստեղծված իրավիճակին։

«Այդ օրերին ԵԿՄ-ի ներսում առանձին անհատներ իրենց ամբիցիաներն էին առաջ տանում կամ իրենք իրենց էին առաջարկում ԵԿՄ նախագահի պաշտոնում։ Ես երբեք ինքս ինձ չեմ առաջարկել։ Միայն իմ տեսակետն եմ հայտնել։ Շատ երկրապահներ սկսեցին ինձ զանգահարել կամ ֆեյսբուքում գրել ինձ, որ, ճիշտ է, կիսում ենք ձեր տեսակետը, և ճիշտ կլինի, որ դուք գաք ԵԿՄ նախագահ»,- ասաց Արամ Սարգսյանը։

Այդուհանդերձ, նրա համոզմամբ, ԵԿՄ նախագահին պետք է ընտրի ԵԿՄ համագումարը, որին ինքն ինքնաառաջադրվելու մտադրություն չունի։

Ինչ վերաբերում է ԵԿՄ-ն կոլեգիալ ղեկավար մարմնով ղեկավարելու առանձին երկրապահների առաջարկին, Արամ Սարգսյանն այս տարբերակը միայն ժամանակավոր լուծում է համարում` համոզմունքով, որ ռազմական կառույցի ղեկավարը պետք է լինի մեկ, կոնկրետ պատասխանատվությամբ օժտված անձ։

«Այն կառույցները, որոնք ռազմականացված են, և պատերազմի ժամանակ պետք է որպես ռազմական միավոր հանդես գան, չեն կարող կոլեգիալ մարմնով ղեկավարվել»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ ՀՀ նոր իշխանությունը պետք է որոշի` ԵԿՄ-ն ռազմականացված կառույց է, թե շարքային հասարակական կազմակերպություն։

Իսկ իշխանությունների տեսակետը Սարգսյանին հայտնի չէ։ Նա ԵԿՄ-ի վերաբերյալ կարժ հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որի ժամանակ որոշել են առաջիկայում հանդիպման ընթացքում ավելի հանգամանալից քննարկել հարցը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am