«Քննչական մարմինները վրեժխնդիր են լինում. Դավիթ Համբարձումյանը կապ չունի խուլիգանության և զենքի գործադրման հետ»

«Դավիթ Համբարձումյանը ոչ մի կապ չունի խուլիգանության և զենքի գործադրման հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին երկրորդ մեղադրանքն է առաջադրվել ապրիլին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի գործով: Արարատի մարզի մի շարք բնակիչներ երթով շարժվել էին դեպի Երևան՝ մասնակցելու Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին։ Ժամը 16:00-17:00-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի էր ունեցել բախում, որի ժամանակ հնչել էր նաև կրակոց, որի հետևանքով հրազենային վնասվածք է ստացել Էջմիածնի մի բնակիչ։ Տեղի ունեցած միջադեպին մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ։

«Պարզապես քննչական մարմինները ցանկանում են վրեժխնդիր լինել Դավիթ Համբարձումյանից: Կրակ արձակած անձը հայտնի է և գտնվում է հետախուզման մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց Աթանեսյանը:

Մեր դիտարկմանը, թե ինչի համար է քննչական մարմինը վրեժ լուծում Համբարձումյանից, ինչ խնդիր ունի, արդյոք պատճառն ա՞յն է, որ Դավիթ Համբարձումյանը չենթարկվեց դատախազության որոշմանը և շարունակեց պաշտոնավարել, փաստաբանն արձագանքեց. «Չենթարկվելու խնդիր չկա: Թող լինի իրավաչափ, իրավական ակտ, կդադարեցնի պաշտոնավարումը: Բայց կարծում եմ՝ քննչական մարմինները վրեժ են լուծում նաև նախորդ մեղադրանքի փաստացի տապալման համար»,- ասաց Աթանեսյանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են դատարանում ապացուցել իրենց ճշմարտացիությունը և այն, որ մեղադրանքը շինծու է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրել նաև Էրեբունու վարչական շրջանի տարածքում ապրիլի 22-ի առավոտյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կազմակերպելու և մասնակցելու համար։ Դատարանը մերժել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և ներկայումս նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չբացակայելու մասին ստորագրությունը։ Դատախազը որոշում կայացրեց ժամանակավորապես դադարեցնել Դավիթ Համբարձումյանի՝ որպես քաղաքապետի, լիազորությունները, սակայն վերջինս դրան չենթարկվեց և այսօր էլ շարունակում է պաշտոնավարել՝ հայտարարելով, որ դատախազը նման լիազորություն չունի, և այն հակասում է օրենսդրությանը:

Դավիթ Համբարձումյանը, ով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է, այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին: Նա առհասարակ վերջին շրջանում չխոսկան է դարձել: Խոսում է միայն դատարանում և դատարանի բակում իր համակիրների կազմակերպած շոուների ժամանակ:

Աղբյուրը՝ 1in.am