ՇՏԱՊ. Դատարանն արդեն կարող է Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում կայացնել

ԱԺ–ն համաձայն է` Մանվել Գրիգորյանին կարող են ազատազրկվել։

Հայաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությանը։

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 82 պատգամավոր, որից 77-ը կողմ է քվեարկել, 3-ը` դեմ, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Մինչ այդ խորհրդարանը նաև համաձայնության էր արժանացրել գլխավոր դատախազության ներկայացրած մեկ այլ միջնորդության, այն ` Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու։

Այսպիսով, երկու որոշումների արդյունքում, Մանվել Գրիգորյանն, ըստ էության զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Իրավապահ համակարգն իրավունք ստացավ Մանվել Գրիգորյանի նկատմամբ առանց սահմանափակումների քրեական հետապնդում իրականացնելու և ազատազրկելու։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…

Մանվել Գրիգորյանը ձերբակալված է։ Նրան մեղադրանք է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։

Մանվել Գրիգորյանն իրեն ներկայացրած մեղադրանքները չի ընդունում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am