Մանվել Գրիգորյանն անձեռնմխելիությունից կզրկվի մոտ 70 պատգամավորի կողմ քվեով

Քիչ անց կառավարության առաջարկությամբ կայանալիք Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվելու է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Մանվել Գրիգորյանին մանդատից զրկելու հարցն օրակարգային դարձավ կիրակի օրն Ազգային անվտանգության ծառայության բացահայտումների արդյունքում:

ԱԱԾ-ի բացահայտումներին հաջորդեցին քաղաքական ուժերի պաշտոնական դիրքորոշումները եւ ուժերի առանցքային դեմքերի անհատական կարծիքները՝ ստեղծված իրավիճակի շուրջ: Միանգամայն պարզ է, որ արտահերթ նիստում մեծամասնությունը կողմ կլինի, որպեսզի գեներալին զրկեն անձեռնմխելիությունից: Մասնավորապես, ՀՀԿ-ն երեկ պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որի համաձայն Գրիգորյանի արարքներից զայրացած է, ապշած, վրդովված: ՀՀԿ-ից պահանջում են օրենքի շրջանակններում քննություն կատարել եւ հարկ եղած դեպքում օրենքի ամբողջ խստությամբ պատժել Գրիգորյանին:

«Օրենք խախտող յուրաքանչյուր ոք, անկախ նրանից ինչ վաստակ ունի, ինչ պաշտոն է զբաղեցնում կամ զբաղեցրել, կուսակցական է, թե՝ ոչ, ԱԺ պատգամավոր է, թե՝ ոչ, պետք է պատասխանատվություն կրի օրենքի առջև»,- մասնավորապես, ասված էր ՀՀԿ քաղաքական հայտարարության մեջ:

Բացի այս, թեմայի շուրջ երեկ կարծիքներ հայտնեցին ԱԺ փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրանք, չոտնահարելով անձի անմեղության կանխավարկածը, հայտարարեցին, որ «զինվորի բաժին»-ը գողանալն ազգի դավաճանություն է:

Մանվել Գրիգորյանի հետ կապված այս սկանդալային բացահայտումը, իհարկե, մեծ հարված էր ՀՀԿ-ին: Առանց այն էլ վարկանիշ չունեցող Հանրապետական կուսակցությունը, մեղմ ասած, հավասարվեց հողին, եւ հիմա ՀՀԿ-ին այլ քայլ չի մնում, քան գաղտնի քվեարկությամբ Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն կողմ քվեարկելը:

ՀՀԿ-ն իր այս քայլով թերեւս կարող է տպավորություն ստեղծել, որ կապ չունի նման անօրինական գործարքների հետ: Սակայն, չի բացառվում, որ Գրիգորյանի գործում նաեւ այլ անձիք ներգրավվեն: Երեկ կառավարությունում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով ՀԺ-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ այլ անձիք եւս մասնակցած լինեն այդ գործին, նշեց, որ դա պարզ կդառնա քննությունից հետո: Նա նաեւ իր պատասխանում շեշտեց, որ առաջիկայում այլ բացահայտումներ են լինելու, սակայն, կրկին չմանրամասնեց՝ դրանք կապ ունե՞ն Մանվել Գրիգորյանի «պահեստների» հետ, թե՝ ոչ:

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ից այսօր շատ քիչ մարդիկ են բացակայելու: Մասնավորապես, Շարմազանովի բացակայությունը հարգելի է, քանի որ նա գործուղման մեջ է: Երկու աղբյուրից փոխանցված տեղեկության համաձայն էլ՝ արտահերթ նիստին չի մասնակցելու Մանվել Գրիգորյանի ընկեր Սեյրան Սարոսյանը: Նրա բացակայության պատճառ բերվելու է վատառողջ լինելը, սակայն չգալը պայմանավորված է լինելու այն հանգամանքով, որ չի ցանկանում «ընկերոջը վատություն անել»: ՀՀԿ-ից պարտաճանաչ ներկայանալու եւ մանդատից զրկելուն կողմ է լինելու գործարար Սամվել Ալեքսանյանը: Նա տարիների կուտակած «մուռ» ունի Գրիգորյանի վրա: Բանն այն է, որ տարիներ շարունակ Մանվել Գրիգորյանին հաջողվել է Ալեքսանյանից գումար կորզել՝ բանակի, զոհվածների ընտանիքների համար, սակայն, այն եւս յուրացրել է: Վերջին շրջանում Ալեքսանյանը սկսել էր չֆինասավորել ԵԿՄ-ն, եւ այդ մասին մամուլում մի շարք հրապարակումներ եղան:

Այնուհանդերձ, չմոռանանք, որ Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանի կադրերից է: Կառավարությունում, երեկ մեր հարցին ի պատասխան վարչապետի վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց իրավիճակը:

«Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել, երբ Մանվել Գրիգորյանը թույլ է տվել այս կամ այն արարքները, դրա միակ պատասխանատուն նախկին իշխանության առաջին դեմքն է»,- ասաց նա:

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն կողմ կքվեարկի նաեւ Ծառուկյան խմբակցությունը: Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամին այս խմբակցության պատգամավորները եւս դատապարտեցին բանակի թալանը: Չմոռանանք, որ 2015 թվականին, ՀՀԿ-ի փետրվարյան խորհրդի հայտնի նիստի ժամանակ Մանվել Գրիգորյանը եւս Գագիկ Ծառուկյանին դիմել էր «Դոդի Գագո» մականվամբ եւ հայտարարել էր, թե այդպես էլ չի կողմնորոշվում՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, թե՝ սպորտսմեն:

ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը եւս դրական է վերաբերվում Գրիգորյանին մանդատից զրկելուն:

«Ամեն ինչ չպետք է խառնել իրար, մենք էլի ունեցել ենք ազգային հերոսներ, որ հայտնվել են ճաղերի հետեւում, մենք, իհարկե, պետք է իրերն իրենց անուններով կոչենք, եւ ամեն ինչ չծայրահեղացնենք»,-մասնավորապես, ասաց նա:

Բնականաբար, քննության ընթացքն ապահովելու համար կառավարության այս նախագծին կողմ կլինի նաեւ ԵԼՔ-ի խորհրդարանական թեւը: Երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը ՀԺ-ի հետ մասնավոր զրույցում ասաց, որ իրենց խմբակցության մոտավոր հաշվարկներով՝ Մանվել Գրիգորյանն անձեռնմխելիությունից կզրկվի 65-70 պատգամավորի կողմ քվեով:

Աղբյուրը՝ armtimes.com