Որոշել են ՀՀԿ-ական բոլոր փոխմարզպետներից ազատվել

Մարզպետները փոխմարզպետներին հասկացնում են, որ իրենք չեն որոշում կայացնողը:

«Փաստ» օրաթերթի տվյալներով` այս օրերին բոլոր մարզերի ՀՀԿ-ական փոխմարզպետները փորձում են հասկանալ իրենց կարգավիճակը՝ զուգահեռ իրենց նախկին հովանավորյալների միջոցով նոր աշխատանքի հարց լուծել: Ըստ թերթի` նրանց մեջ քիչ չեն այնպիսիք, որոնք իրապես այդ աշխատավարձի հույսին են, և նույնիսկ մեկ ամիս առանց աշխատանքի մնալը կարող է լուրջ ֆինանսական խնդիրներ առաջացնել:

«Փաստի» հավաստի տեղեկություններով` կառավարությունում որոշում է կայացվել նաև փոխմարզպետների, իսկ հետո նաև վարչությունների պետերի մակարդակով ազատվել բոլոր ՀՀԿ-ականներից: Սակայն դա միանգամից անել հնարավոր չէ, ուստի փորձելու են աստիճանաբար կյանքի կոչել այդ ծրագիրը:

«Իսկ հնարավոր չէ ոչ թե այն պատճառով, որ նրանք անփոխարինելի են, այլ առաջին հերթին այն առումով, որ մարզերում միմյանց լավ են ճանաչում և մարզպետների համար դժվար է «նույն քաղաքի կամ թաղի տղային» ասել՝ գնա»,- նշված է հոդվածում։

Ըստ թերթի` գործում է նախկին սկզբունքը. մարզպետները հաճախ ուղղակի փոխմարզպետներին հասկացնում են, որ իրենք չեն որոշում կայացնողը, և մատով ցույց են տալիս վերև՝ նկատի ունենալով էլի Բաղրամյան 26-ը»: