ՀՀԿ-ից բացի մեկ էլ ՕԵԿ-ն է «պրիզնատ» գալիս, որ ընդդիմություն է. մյուսներն անորոշ են

Թավշյա հեղափոխությունից հետո հայաստանյան քաղաքական դաշտում ռեստարտ տեղի ունեցավ, որի արդյունքում իշխանական եւ ընդդիմադիր ճամբարների քաղաքական ուժերը փոփոխվեցին:

Գլխավոր դերակատարների՝ Հանրապետականի եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների պարագայում փոփոխությունը միանգամայն պարզ է: Պարզ է նաեւ որոշ քաղաքական ուժերի այս պահի կարգավիճակը, որոնք կցորդի դերում միշտ «ուղեկցում են» իշխանությանը: ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԵԼՔ-ում առկա Լուսավոր Հայաստան ու Հանրապետություն կուսակցությունների գտնվելու վայրը, հայտնի պատճառներով եւս կարելի է համարել իշխանական ճամբարը: Սակայն կան քաղաքական ուժեր, որոնք չեն կողմնորոշվում իրենց հայացքներում:

Հանրապետականներից Արմեն Աշոտյանն ԱԺ-ում ՀԺ-ի լրագրողի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ն միակ ընդդիմությունն է Հայաստանի խորհրդարանում, իսկ արտախորհրդարանական ընդդիմություն չկա: ՔՊ-ից Սուրեն Պապիկյանն էլ, կառավարությունում պատասխանելով ՀԺ-ի հարցին, ասաց, որ ուժը եթե իշխանություն չէ, ապա ընդդիմություն է:

«Քաղաքացիական պայմանագիրը ինչ խնդիր ունի, որ հայտարարի, թե ով է ընդդիմադիր: Ընդդիմությունը ինքը պետք է հայտարարի այդ մասին: Արտախորհրդարանական ուժերը, եթե իշխանություն չեն, դասական առումով ընդդիմություն են»,- ասաց Պապիկյանը:

Նախկինում ՀՀԿ-ին ընդդիմություն ՀԱԿ-ից չեն շտապում հայտարարել, որ շարունակում են արմատական ընդդիմություն լինել, բայց եւ խուսափում են ուղիղ տեքստով հայտարարել, որ իշխանություն են:

«Քաղաքական քարտեզը մի քիչ փոխվել է: Սա համարում ենք մի հեղափոխություն, որը մեր հեղափոխությունն է նաեւ: Այսքանով այս պահին կարելի է բավարարվել»,- մեր հարցին ի պատասխան՝ ՀԱԿ-ից ասաց Լեւոն Զուրաբյանը: Նա կարծում է, որ ստեղծվել է մի իրավիճակ, որ երկար ժամանակ իշխանություն-ընդդիմություն բաժանում չի լինելու:

«Ցանկացած քաղաքական ուժ ընդդիմություն է, երբ չի ընդունում այն, ինչ անում են իշխանությունները: Ես մի ձեւակերպում տվեցի՝ սա նաեւ մեր հեղափոխությունն է, որից դուք չպետք է հեռանաք: Ստեղծված է մի իրավիճակ, երբ դասական բաժանումը՝ ընդդիմություն-իշխանություն, որոշ ժամանակ չի գործելու: Հեղափոխություն է մերն է, համապատասխանում է մեր սկզբունքներին եւ նպատակներին, որ մենք 2008 թվականից դրել ենք մեր պայքարի հիմքում»,- ասում է նա:

Ժառանգություն կուսակցությունից Սուսաննա Մուրադյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ իրենք չեն կարող ընդդիմություն լինել ժողովրդի իշխանությանը:

«Ժառանգությունը իշխանության մաս դեռեւս չի կազմում: Ես չեմ կարող վերջնական որեւէ բան ասել, բայց, որ ընդդիմություն չէ, դա էլ է ակնհայտ: Ժառանգությունը բոլոր ֆորմատներում եղել է այս ընդդիմադիր շարժման արմատներում: Մենք եւ ճակատի ֆորմատով, եւ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը եւ վերջում նաեւ վերջին հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն ասացինք, որ բոլոր ընդդիմադիրների շարժումն էր: Ժողովրդի իշխանությանը մենք չենք կարող դեմ լինել, այս պահին ընդդիմություն չենք»:

Դիտարկմանը, որ ՔՊ-ից Սուրեն Պապիկյանը նշում է՝ իշխանության մաս չլինելով, արդեն իսկ ընդդիմություն են, Սուսաննա Մուրադյանը նկատեց.

«Մինչեւ ընտրություններն անշնորհակալ գործ է որեւէ կուսակցության, որը եղել է նախկին իշխանությանն ընդդիմություն, հիմա եւս ճանաչել ընդդիմադիր: Սա ժողովրդի հաղթանակն է, որ առաջին շարքերում եղել է Ժառանգությունը: Հիմա էլ որոշումներին մենք դեմ չենք, քանի որ սա ժողովրդի հաղթանակն էր»:

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունից եւս կարծում են, որ սա իրենց հեղափոխությունն է: Կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը ՀԺ-ին պատասխանեց՝ պաշտպանում են կառավարության ծրագիրը:

«Մենք աջակցել ենք ու աջակցում ենք այն ողջ գործընթացը, որը տեղի է ունեցել թավշյա հեղափոխության ժամանակահատվածում՝ իր փոփոխությունների ամբողջ ծավալով: Մենք պաշտպանում ենք այսօրվա կառավարության ծրագիրը՝ կապված կոռուպցիայի դեմ պայքարի եւ արտահերթ ընտրությունների տեսլականի հետ, եւ այն փոփոխությունների, որոնք քաղաքացիների թիվ մեկ մարտահրավերներն են:

Քաղաքական ուժը կարող է աջակցել կամ չաջակցել այդ ծրագրերին, եթե աջակցում է այդ ծրագրերին, ապա հետեւությունները թողնում եմ ձեզ: Բնականաբար, մենք իշխանություն չենք եւ իշխանության պատասխանատվությունը իշխանության հետ չենք կիսում: Բայց ամբողջ ծավալով աջակցում ենք կառավարության փոփոխությունների ծրագիրը, որը ներկայացված է հասարակության դատին: Ես չասացի, որ ընդդիմություն չենք, մենք իշխանության մաս չենք կազմում»:

ՀՀԿ-ից զատ, բաց տեքստով նաեւ քաղաքական հետաքրքրիր ճանապարհ անցած ՕԵԿ-ն է իրեն ընդդիմադիր համարում:

«Շատ հետաքրքիր հարց եք տալիս, որովհետեւ նոր իշխանությունն էլ ընդդիմություն-իշխանություն վիճակում է: Այս պահին ՕԵԿ-ը գտնվում է ընդդիմադիր դաշտում եւ նոր մոտեցումներ չունենք»,- ասաց Հեղինե Բիշարյանը, իսկ հարցին՝ ժողովրդի իշխանությա՞նն են ընդդիմություն, Բիշարյանը մեկնաբանեց.

«Իշխանությունը եկել է ժողովրդավար ճանապարհով եւ ընդամենը մի 2 օր է, որ հաստատվեց նոր իշխանության կառավարության ծրագիրը: Մարդկանց պետք է տալ շնչելու հնարավորություն, մի քանի օր է, որ աշխատում են եւ ինչ խոսք, դրական էլեմենտներ արդեն կան: Իշխանությունը ժողովրդի ձայնն է խորհրդարանում եւ կառավարությունում: Չկա այդպիսի քաղաքական ուժ, որը առանց ժողովրդի է գալիս իշխանության: Ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ ժողովրդի ձայնն է՝ յուրովի, բայց ժողովրդի կողմից ձայն հավաքած իշխանությունը որքան է արդարացրել ժողովրդի տված քվեն, դա եղել է մշտապես քննարկման թեմա: Այս իշխանությունը նույնպես ժողովրդի ձայնով է եկել իշխանության, բայց դա չի նշանակում, որ այն կարող է 100 տոկոս լինել լավը կամ 100 տոկոս վատը»:

Աղբյուրը՝ armtimes.com