«Մենք էս պայմաններում չենք կարող դատավոր ընտրել». ՍԴ անդամի ընտրությունը չկայացավ

Պատգամավորներին չբավարարեցին թեկնածուի պատասխանները:

 Սահմանադրական դատարանի դատավորի փակ գաղտնի ընտրությունն ԱԺ-ում տեղի կունենա վաղը` հունիսի 13-ին, ժամը 11:00-ին: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։ Ընտրությունը կտևի 40 րոպե, որից հետո հանձնաժողովը կհաշվի ձայներն ու կներկայացնի ընտրության արդյունքները:

Իսկ մինչ այդ ԱԺ պատգամավորներն այսօր իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ՍԴ դատավորի միակ թեկնածու Ելիզավետա Դանիելյանին: Հարց ու պատասխանից հետո «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր համոզմամբ՝ Ազգային ժողովում պետք է ներկայանան Սահմանադրական դատարանի դատավորի այնպիսի թեկնածուներ, որոնք աչքի են ընկել իրենց դիրքորոշումներով, մինչդեռ պատգամավորները փորձում են գտնել այն տարբերությունը, որով Ելիզավետա առանձնանում է ՀՀ մյուս բոլոր դատավորներից:

«Սա մեր գործը բարդացնում է․ մենք ունենք երկու տարբերակ՝ չընտրել դատավոր և սպասել հաջորդ դատավորին, կամ ընտրել դատավոր, ով չի բավարարել, բայց դե` պետք է ընտրենք»,-ասաց պատգամավորը:

Մարուքյանի խոսքով` Հայաստանում հնարավորություն է ստեղծվել դատական համակարգը փոխելու և թարմացնելու, բայց ՍԴ անդամի ներկայացված թեկնածուների հետ նման հույսեր ինքը չի կապում:

«Մենք էս պայմաններում չենք կարող դատավոր ընտրել»,- ասաց նա։

Հիշեցնենք` ապրիլի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Մայիսի 4-ին կայացած ընտրության արդյունքում Բաբայանը չէր ընտրվել: Մինչ քվեարկությունը «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին, որ բոյկոտելու են ընտրությունը, ինչի արդյունքում Բաբայանը ստացել էր 51 ձայն` ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ է 63-ի փոխարեն:

Աղբյուրը՝ armeniasputnik.am