Փաշինյանը որոշել է ոչնչացնել Ծառուկյանին. Ժամանակ

Հայաստանի նոր կառավարության առաջին օրենսդրական նախաձեռնություններից մեկը, որը երեկ դրվել է շրջանառության մեջ, վերաբերում է բարեգործությանը: Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել Բարեգործության մասին օրենքում: Թե ինչու է կառավարությունը որոշել առաջիններից մեկը անդրադառնալ հենց բարեգործությանը և բարեգործական գործունեության կանոնակարգմանը, կարծում ենք՝ կարիք չկա երկար բացատրելու: Երբ Հայաստանում խոսք է գնում բարեգործության և բարեգործի մասին, բոլորը միանգամից մտաբերում են Գագիկ Ծառուկյանին, որովհետև նա ամենաշատ գովազդված բարեգործն է:

Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ցանկանում է հնարավորինս խստացնել բարեգործության նկատմամբ պետական վերահսկողությունը: Բարեգործության մասին օրենքով նախատեսված է ստեղծել բարեգործական գործունեությունը համակարգող պետական լիազոր մարմին: Կառավարությունը իր ներկայացրած փոփոխություններով ցանկանում է էականորեն ընդլայնել այդ պետական լիազոր մարմնի լիազորությունների շրջանակը:

Այսպես՝ լիազոր մարմինը իրավունք է ստանում ծրագիրը որակել բարեգործական և գրանցել այն: Սա նշանակում է, որ եթե որևէ անձ կամ կազմակերպություն ցանկանում է բարեգործական ծրագիր իրականացնել, ապա պետք է դիմի պետական լիազոր մարմնին և միայն այդ մարմնի կողմից գրանցվելու ու ծրագրի բարեգործական լինելը հաստատվելու դեպքում կարող է իրականացնել այն: Լիազոր մարմինը կարող է չեղյալ ճանաչել ծրագրի բարեգործական որակումը: Սա էլ նշանակում է,  որ ինչ-որ պահից լիազոր մարմինը կարող է չեղարկել բարեգործական ծրագրի որակումը, և այդ դեպքում ծրագիրը հայտնվում է այլ իրավական տիրույթում:

Օրենքի նախագծով առաջարկվում է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվի բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով: Հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատվում է վարչապետի որոշմամբ: Սա էլ նշանակում է, որ վարչապետ Փաշինյանը նպատակ ունի իր անձնական վերահսկողության տակ վերցնել բոլոր բարեգործական ծրագրերը:

Բայց ամենակարևորը նախագծի մյուս հոդվածն է, որում ասվում է. «Բարեգործական որակման ենթակա չէ շահառություն ենթադրող, կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական և այլ միջոցների հատկացում ներառող կամ կազմակերպության՝ իր աշխատողների կամ իր առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի, կամ դրանց աշխատողների սպառողական պահանջմունքների բավարարման ծրագիրը: Սա էլ նշանակում է, որ որևէ անհատ չի կարող կուսակցության վրա կատարվող ծախսը ներկայացնել որպես բարեգործություն:

Օրենսդրական այս փոփոխությունը թերևս ուղղված է առաջին հերթին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ: Ծառուկյանը իր վարկանիշը կառուցել է բարեգործության վրա. նա ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում զբաղվում է բարեգործությամբ, իսկ ընտրությունները օգտագործում բարեգործության միջոցով ստեղծած վարկանիշը քաղաքականության մեջ կապիտալիզացիայի ենթարկելով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորին զգուշացրել է, որ առաջիկա ընտրություններում բացառելու է ընտրակաշառքի օգտագործումը: Բարեգործությունը այն միակ լեգալ միջոցն է, որը թեև անմիջականորեն չի ենթադրում ընտրողի քվեի գնում, բայց մարդկանց փող և այլ նյութական բարիքներ բաժանելով՝ զրկում է նրանց քաղաքական ընտրություն կատարելու հնարավորությունից, քանի որ թեկնածուից նյութական աջակցություն ստացած մարդը բարոյական կախվածության մեջ է հայտնվում և ստիպված է լինում քվեարկել ոչ իր քաղաքական հայացքների ու նախընտրությունների համաձայն:

Բարեգործության մասին օրենքի խստացման միջոցով իշխանությունը փորձելու է կանխել այդ կախվածության առաջացումը կամ այն հասցնել նվազագույնի: Փաշինյանը այսպիսով ուզում է խլել Ծառուկյանի դիմադրելու վերջին հնարավորությունը, և առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ամբողջովին զինաթափել իր հիմնական հակառակորդին: Իսկ անզեն հակառակորդին ոչնչացնելը նրանից ոչ մի ջանք չի պահանջի: