Կառավարության նիստի ժամանակ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը եւ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը լարված երկխոսություն ունեցավ: Բանն այն է, որ Մանե Թանդիլյանը կառավարության նիստին ներկայացրեց «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման մեջ փոփոխությունները եւ լրացումներ կատարելու որոշման նախագիծը: Մանե Թանդիլյանը նշեց, որ նախատեսվում է նախագծով զբաղվածության քաղաքականության բարեփոխումներ իրականացնել, հստակեցնում է աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները, վերականգնում են կասեցված ծրագրերը, մեծացվում են ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաեւ հատուկ դայակների ինստիտուտի կիրարկումը: Նա ասաց, որ նախագիծը լրամշակել է առաջարկությունների հիման վրա:
«Այս նախագիծը կապ ունի սեզոնային զբաղվածության հետ, գյուղացիական տնտեսությունների աջակցման ծրագիր է՝ հատկապես լեռնային մարզերում»,- ասաց նա:
Գյուղնախարարը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե առաջնահերթ մշակման ենթակա մշակաբույսերի ցանկը ի՞նչ է տալիս:
«Այսինքն, եթե ուզում ես գարի մշակել, քեզ փող ենք տալիս, եթե ցորեն ես մշակում՝ չենք տալիս»,- հարցրեց գյուղնախարարը, որի հարցին փորձեց պատասխանել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
«Կան առաջնահերթություններ մշակաբույսերի, որոնք տվյալ ծրագրով տվյալ տեղանքում ավելի նպատակահարմար է եւ սա քննարկված է: Եթե ուզում եք կուղարկենք լրացուցիչ տեղեկատվությունը՝ հատկապես որոնց մասին է խոսքը եւ ինչու՞»:
Խաչատրյանն էլ հակադարձեց, որ խոսքը սոցիալական գյուղատնտեսության մասին է, որը ռիսկային է.
«Հարց է առաջանում՝ ո՞րն է առաջնային եւ ինչպե՞ս է որոշվում»:
Թանդիլյանը հայտարարեց, որ այս հարցը քննարկված է նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ: Վարչապետն էլ այս երկխոսությունից հետո արձագանքեց. «Փաստորեն, գյուղնախարարության հետ քննարկված չէ՞»,- որին ի պատասխան Մանե Թանդիլյանն ասաց՝ շատ երկար է քննարկված:
«Նախորդ կառավարությունում է քննարկվել երեւի, իմ սեղանով չի անցել»,- ասաց գյուղնախարարը, իսկ Փաշինյանը հետաքրքրվեց՝ սկզբունքայի՞ն է:
Արդյունքում որոշվեց նախագիծը կրքին քննարկել, սակայն որոշումն ընդունվեց:
Աղբյուրը՝ armtimes.com