Դատախազը որոշում է կայացրել դադարեցնել Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի լիազորությունները

ՀԺ-ի թղթակիցը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել է՝ թե բողոքարկելու են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու դատարանի որոշումը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր հարցին ի պատասխան հայտնել է.

«ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Համբարձումյանը եւ Կարեն Օհանյանը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանդիսանում են հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, եւ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ վերջիններս կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը:

Ուստի, հիշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով 2018 թ. հունիսի 5-ին որոշումներ է կայացրել Դ. Համբարձումյանի եւ Կ. Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիշյալ որոշումները կատարման նպատակով ուղարկվել են Մասիսի քաղաքապետարան, միաժամանակ իրազեկելով ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել էին Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, իսկ շաբաթ օրը դատարանը նրանց կալանավորելու միջնորդությունը մերժել էր, եւ նրանք ազատ էին արձակվել: Այժմ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու մեջ, իսկ փոխքաղաքապետը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու:

Աղբյուրը՝ armtimes.com