Վարդան Հարությունյանը կարող է վերադառնալ նախկին պաշտոնին

«Ժամանակ» թերթը գրում է, որ ՊԵԿ–ի նախկին նախագահը կարող է վերադառնալ «Գազպրոմ Արմենիա»։

Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը կարող է վերստին նշանակվել «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Պարբերականը հիշեցնում է, որ 2016թ-ին նա ՊԵԿ նախագահ նշանակվեց՝ լքելով «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնը: Ի դեպ, գլխավոր տնօրենի տեղակալը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին է:

«Եթե Հարությունյանը վերանշանակվի այդ պաշտոնում, ապա հնարավոր կլինի արձանագրել, որ «Գազպրոմ Արմենիան» Կարապետյան-Հարությունյան զույգի համար ընտանեկան կապալ է»,- նշված է հոդվածում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որը «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերությունն է, Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկն է և արձանագրում է լավագույն ցուցանիշներ` զբաղեցնելով առաջատար և կայուն դիրք հանրապետության տնտեսության հանգուցային ճյուղերից մեկը հանդիսացող գազաէներգետիկ ոլորտում։

2011 թվականից Հայաստանի համար ռուսական գազի գինը սկսեց բարձրանալ: Պայմանականորեն, Երևանը վճարում էր նախկին գինը, սակայն իրական և պաշտոնական արժեքի տարբերությունը հաշվարկվում էր որպես պարտք: 2013 թվականի վերջին այն հասավ 300 մլն դոլարի: Դրա դիմաց, 2013 թվականի դեկտեմբերին «Գազպրոմը» Հայաստանի կառավարությունից ստացավ երկրի գազատրանսպորտային համակարգի բաժնետոմսերի մնացած 20%-ը` դառնալով նրա 100% կառավարիչ: