«Պարոն Փաշինյան, չէ՞ որ դուք էիք ասում`թռիչքային զարգացում պետք է լինի…». Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը կառավարության ծրագրում ծրագիր չի տեսել: Հիշեցնենք, կառավարության ծրագիրը խորհրդարանում կքննարկվի հունիսի 7-ի նիստում:

«Այն ավելի հիշեցնում է ցանկությունների, մաղթանքների, բարեմաղթանքների եւ վերջապես կենացների ժողովածու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ Հայաստանի նոր կառավարիչները դեռեւս շփոթում են իրողությունները. իրենք այլեւս Հանրապետության հրապարակում, հարթակից ելույթ չեն ունենում, այլ պետք է ծրագիր ներկայացնեն`հանրության բարեկեցության եւ առկա խնդիրների լուծման համար եւ կրեն դրա պատասխանատվություն: «Այս ծրագրում, ոչ մի թիվ գրված չէ: Ասում են`աղքատությունը պետք է նվազի. դա բոլորս էլ գիտենք: Բայց ինչքա՞ն պետք է նվազի այս տարվա ընթացքում, ինչպե՞ս պետք է նվազի: Կամ`աշխատատեղեր պետք է ստեղծվեն: Ինչքա՞ն, ե՞րբ, ինչպե՞ս: Թոշակները պետք է ավելանա՞ն, թե`ո՞չ: Ի՞նչ միջոցներից պետք է ավելանան, ի՞նչ միջոցներից չպետք է ավելանան: Աշխատավարձները պե՞տք է ավելանան, թե`ոչ: Ի վերջո, ՀՀԿ-ական կառավարությունը Նիկոլ Փաշինյանին տվել է 7,5 տոկոս տնտեսական աճով երկիր: Հիմա իր կառավարության ծրագրում տարեկան տնտեսական աճի նվազագույն շեմ էլ նշված չէ: Թող ասեն`մեկ տոկոս, 5, 10… Պարոն Փաշինյան, չէ՞ որ դուք էիք ասում`թռիչքային զարգացում պետք է լինի: Դա առնվազն երկնիշ տնտեսական աճն է»,- ասում է մեր զրուցակիցը`հավելելով, որ կառավարության ծագրում չկա հարկեր-ՀՆԱ հարաբերակցության, արտահանման եւ ներմուծման հարաբերակցության մասին տվյալ:

Նոր կառավարության հռչակած տնտեսական զարգացման երեք առաջնահերթությունների`բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն եւ զբոսաշրջություն, մեր զրուցակիցը համամիտ է, բայց հարց ունի`հանքարդյունաբերությունը հանո՞ւմ ենք կարեւորությունից: Եթե`այո, ապա նկատում է, որ հանքարդյունաբերական ոլորտի հարկերից են գոյանում բյուջետային աշխատողների աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները. այդ դեպքում ի՞նչ այլընտրանք է առաջարկվում: Կամ`ինչպե՞ս են «հեղափոխական տեմպերով» զարգացնելու գյուղատնտեսությունը: Ինքը մի փորձագետի կարծիք է կարդացել`մեջբերում է. «Արագածի փեշերին արածող կովերը Նիկոլ Փաշինյանի կառավարությանը կրկնակի՞ կաթնատվություն են ապահովելու, հեղափոխությունից հետո: Ո՞րն է հեղափոխական ճանապարհը»: Նույնը`անմշակ գյուղատնտեսական հողերի մշակության մասով. «Բայց ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհներով, ի՞նչ միջոցներով: Եթե մշակվեցին այդ ապրանքները ինչպե՞ս են արտահանվելու, ո՞ր երկրներ: Գտել ե՞ք պատճառահետեւանքային կապը, թե ինչո՞ւ մինչեւ հիմա դա չկա»: Էդուարդ Շարմազանովը չի հասկացել նաեւ թե նոր կառավարիչներն ինչպե՞ս են գյուղացիներին շահագրգռելու, որ նորից ետ գնան եւ գյուղում ապրեն:

Իսկ կառավարության ծրագրի զբոսաշրջության հատվածը պարզապես ծիծաղելի է համարում: «Ասում են`թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարկանիշը բարձրացել է, մարդիկ կգան Հայաստան: Բա որ չեկա՞ն: Կամ եկան ու հյուրանոցը դուրները չեկավ, կամ ենթակառուցվածքներ մեր երկրում չեղան. ինչպե՞ս է լինելու»,- ասում է մեր զրուցակիցը`կրկին շեշտելով, որ պարոն Փաշինյանն ու իր կառավարությունը այլեւս իշխանություն են եւ պատասխանատու են ու ոչ թե պետք է ասեն`սա վատ է, նա վատ է, այլ պետք է ասեն, թե իրենք ի՞նչ են անում եւ ինչպե՞ս են անում:

Դիտարկմանը, որ նոր կառավարության հիմնական խնդիրը արտահերթ ընտրությունների կազմակերպումն է, մեր զրուցակիցը հակադարձեց. «Հասկացանք, բայց մինչեւ արտահերթ ընտրությունները մարդիկ պատասխաններ են ուզում լսել: Արտահերթ ընտրությունները դեռ բանակցությունների առարկա են`մեկ տարի, երկու, թե երեք: Եթե անգամ մեկ տարի հետո`այդ մեկ տարվա ընթացքում աշխատատեղ պետք չի՞ ստեղծել, գյուղատնտեսությունը պետք չի՞ զարգացնել»:

Նկատեցինք`ծրագրում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվել եւ ներդրումների ներհոսք է սպասվում: Էդուարդ Շարմազանովը հակադարձում է. «Նիկոլ Փաշինյանն արդեն մե ամիս է վարչապետ է եւ ես դեռ չեմ լսել, որ գոնե մեկը հայտարարի, որ հեղափոխության սիրով եւ հանդուրժողականությամբ լցված`պատրաստ է որեւէ ոլորտում ներդրում կատարել: Կամ`հայերը պետք է վերադառնան… մեկ ամիս անցել է, բա ինչո՞ւ չեն գալիս: Դրա համար եմ ասում`կենացների ժողովածու է, ոչ մի թիվ չկա, անթույլատրելի է որ կառավարության ծրագրում որեւէ թիվ չլինի: Սա նշանակում է պատասխանատվությունից խուսափում: Եվ բավական է`ՀՀԿ-ն վատն է, մյուսը վատն է: ՀՀԿ-ն, որ շատ լավը լիներ, այսօր մենք կլինեինք իշխանության»:

Ի դեպ, մեր զրուցակցին հետաքրքիր է նաեւ, թե ինչպե՞ս է վերաբերվում վարչապետը սեռական փոքրամասնությունների այն քարոզին, որը Հայաստանում արեց հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնը:
Աղբյուրը՝ aravot.am