Արթուր Դավթյանն այսօր հայտարարել է, որ անկախ հնչող պահանջներից, հրաժարական տալ չի պատրաստվում:
Գործադիր իշխանության փոփոխության հետևանքով ՀՀ գլխավոր դատախազը հրաժարական չի տա: Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով՝ գործադիր իշխանության փոփոխությունը դատախազի հրաժարականի հիմք չէ, քանի որ դատախազությունն անկախ մարմին է:
Արթուր Դավթյանը հիշեցրեց, որ նոր Սահմանադրությամբ` ՀՀ գլխավոր դատախազին ընտրում է ԱԺ-ը՝ ձայների 3/5-ով:
«Դա հենց նրա համար է, որ այդ մարմինները լինեն անկախ: Եվ լինեն անկախ առաջին հերթին գործադիր իշխանությունից: Հիմա մեր երկրում փոխվել է գործադիր իշխանությունը: Սակայն, եթե գործադիր իշխանության փոփոխությունը բերի անկախ մարմինների ղեկավարների փոփոխության, ուրեմն կարծում եմ, որ մենք կոտնահարենք անկախության երաշխիքները»,- նշեց նա:
Տեսակետին, թե՝ ընդդիմադրությունը ՀՀ Գլխավոր դատախազի անկախությունը նախկին իշխանություններից կասկածի տակ է դնում, Արթուր Դավթյանն այսպես արձագանքեց. «Ես վստահեցնում եմ, որ ես քաղաքական որևէ կախվածություն չեմ ունեցել, չունեմ և, որքան որ կաշխատեմ, երբեք չեմ ունենա»։
Արթուր Դավթյանը վստահեցրեց, որ հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի ու շարունակելու է աշխատել: Ինչ վերաբերում է քաղաքական ենթատեքստ ունեցող գործերին, դատախազը վստահեցրեց, որ դրանց նկատմամբ բացառապես իրավական մոտեցում է ցուցաբերվում: Իսկ Անդրեաս Ղուկասնային կալանքից ազատելու հիմքերին դեռ չի հասցրել ծանոթանալ, բայց և համոզված է, որ դրանք բացառապես իրավական են:
Աղբյուրը՝ armeniasputnik.am