Կարեն Կարապետյանը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին. շնորհակալություն և լավ տրամադրություն

Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել թիմակիցներին և շնորհավորել նոր վարչապետին։

Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ դադարեցնում է վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները։ Instagram սոցիալական ցանցում գրած նրա ուղերձը հրապարակում ենք ամբողջությամբ։

«Այսօրվանից ես դադարեցնում եմ Վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։

Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել քննադատության, ոգևորիչ խոսքերի և աջակցության համար։

Շատ հետաքրքիր և պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ և հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ և էֆեկտիվ երիտասարդներին։
Շնորհավորում եմ նոր Վարչապետին։ Վարչապետին և հաջորդող բոլոր վարչապետներին անկեղծ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից։

Պատկերացնելով վարչապետի ծանր և պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, առաջարկում եմ մեր համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին և քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը և ընտանիքը չխառնելով, հակառակը՝ խորհուրդ տալով և ոգևորելով։

Բոլորիդ ԼԱ՛Վ տրամադրություն, ԼԱՎ ԵՂԵ՛Ք:
Շնորհակալություն»: