ԱԺ երեք խմբակցություններ ստորագրահավաք են սկսել վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար

Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու աշխատանքները խորհրդարանում ընթացքի մեջ են. «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները հավաքում են անհրաժեշտ 35 ստորագրությունները Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: «Աշխատանքներն ընթացքի մեջ են: Երեք խմբակցություններում ստորագրություններ են հավաքվում: Կարծում եմ այսօր կամ վաղը մենք կառաջադրենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Միրզոյանը:

Անդրադառնալով մայիսի 1-ին ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությանը, որի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ մեծագույն հարգանք է տածում Ֆելիքս Ցոլակյանի նկատմամբ. հարգանքը եղել է նաև մինչ այդ քվեարկությունը: «Ես բազմաթիվ դրական կարծիքներ եմ լսել նրա մասին՝ որպես մարդ, որպես պրոֆեսիոնալ: Իսկապես կա այդ հարգանքը իր նկատմամբ»,- ասաց Միրզոյանը:

Խոսելով Փաշինյանի ընտրվելու դեպքում ապագա կառավարության կազմում Ֆելիքս Ցոլակյանին Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնում նշանակելու առաջարկների մասին՝ Միրզոյանն ընդգծեց, որ նման առաջարկներ եղել են: «Մենք ասել ենք, որ ցանկացած հիմնավոր, ծրագրային առաջարկ, թեկնածություն մենք դիտարկում ենք: Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպում չի եղել, և ես կարծում եմ, որ այդ քվեարկությունից հետո հանդիպել և նրա հետ քննարկել այդ հնարավորությունը, որի մասին խոսում եք, անհարգալից կլիներ և իր, և մեր նկատմամբ: Այս գործընթացում պաշտոնների սակարկություն, քվեարկելու դիմաց պաշտոն ստանալու հարց չկա»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ հավանական կադրեր կան, որոնք կարող են լինել ապագա կառավարության կազմում, Միրզոյանը պատասխանեց. «Շատ հավանական կադրեր կան, որոնց անունները ես այս պահին չեմ բարձրաձայնի: Ես ասել եմ, որ որևէ ազնիվ և պրոֆեսիոնալ անձ չպիտի անհանգստանա այն մասին, թե ինչ է լինելու իր հետ: Մարդիկ, ովքեր կարող են նպաստ բերել Հայաստանի զարգացմանը այն քաղաքականության շրջանակներում, որը մենք ունենք և առաջարկելու ենք, այդ մարդիկ շարունակելու են աշխատել»,- ասաց նա:

Անդրադառնալով ապագայում «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հավանականությանը՝ Միրզոյանն ընդգծեց, որ իրենք համերաշխության կոչ են արել, ասել են, որ ամեն ինչ թափանցիկ է ու հրապարակային և որևէ սակարկություն չկա: «Ի պատիվ«Ծառուկյան» դաշինքի, ի պատիվ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների, ի պատիվ «Ելք» խմբակցության՝ այս ուղերձները բոլորը շատ լավ հասկանում են, բոլորը ուրախ են այն գործընթացներով, որ տեղի է ունենում: Որևէ պաշտոնի քննարկում, որևէ սակարկություն, որևէ այդպիսի քննարկում մինչ այս պահը չի եղել, չկա այս պահին, և ես կարծում եմ, որ դա սազական չէ այն ամեն ինչին, այն զարթոնքին, որը հիմա կա Հայաստանում: Իսկ կոալիցիայի մասով եկեք չշտապենք»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը:

Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 1-ին 56 դեմ և 45 կողմ ձայներով ՀՀ վարչապետի պաշտոնում չընտրեց «Ելք» խմբակցության առաջադրած թեկնածուին՝  Նիկոլ Փաշինյանին: Այլ թեկնածություններ չէին առաջադրվել: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ «վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Ընտրության հաջորդ փուլը նախատեսված է մայիսի 8-ին: «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» խմբակցությունները հայտարարել են ձայները Փաշինյանին տալու մասին: Իսկ ՀՀԿ-ն հայտարարել է թեկնածու չառաջադրելու և պատգամավորների 1/3-ի ձայներով առաջադրված թեկնածուին սատարելու մասին: 

Աղբյուրը՝ armenpress.am