Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն միասնական դեմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Այս մասին հատուկ նիստում հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, ասաց. «Այսօր էլ քննարկումների ընթացքում մենք ամբողջացրեցինք մեր կարծիքը վարչապետի թեկնածուի վերաբերյալ:

Այսօր մեր դատին է ներկայացված մեր բանակի, մեր անվտանգության խնդիրները, մեր պետության ճակատագիրը: Հավատացնում եմ, որ ուլտիմատումների, շանտաժների միջոցով քաղաքական որոշումներ չեմ կայացվելու»,-ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով, իրենք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո եկել են հետեւյալ եզրակացության.

«հաշվի առնելով քննարկումների արդյունքում ստացած տպավորությունները, գիտակցելով այն կործանարար հետեւանքները, եթե մեր երկրի քաղաքական կուրսը շեղվի բազմակողմ հավասարակշռության այն իրավիճակից, որին հասել ենք տարիների նվիրված եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ, հատուկ տեսնելով այն ճակատագրական վտանգները, որոնք առաջանալու են անմիջապես Նիկոլ Փաշինյանի անձին ընտրելուց սկսած, ՀՀԿ-ն հայտարարում է հետեւյալը.

Մենք ընդունել ենք ժողովրդական շարժման հաղթանակը, հայաստանում փոփոխությունների նոր փուլ սկսելու ճանապարհին, մենք համաձայն ենք փոփոխություններ սկսելու երկրի սոցիալ-տնտեսական, ներքին խնդիրների սպեկտրի եւ դրանց առկա հանրային դժգոհության ուղղությամբ նոր քայլերի հստակ անհրաժեշտության վերաբերյալ: Մենք դա ընդունել ենք, հաշվի ենք նստել ժողովրդական դժգոհության հետ, պատասխանել ենք դրան վարչապետի պաշտոնից մեր կուսակցության ղեկավարի հրաժարականով:

Մենք ընդունում ենք, որ ժողովրդական շարժումը կարող է սատարել ժողովրդական րեւէ թեկնածուի եւ մենք համապատասխան քննարկումներից հետո միշտ պատրաստ կլինենք քվեարկելու այդ թեկնածուի օգտին:

Մենք դեմ ենք քվեարկելու Նիկոլ փաշինյանի թեկնածությանը՝ փորձելով կասեցնել վտանգավոր այն շատ տեսանելի ալիքը, որը արագորեն կծնվի մեր երկիրը»: