Հայաստանում այսօր նոր իրողություններ են ու նոր իրավիճակ, Ազգային ժողովում ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Միևնույն ժամանակ, այս օրերի ընթացքում իշխանությունը ցուցաբերեց հանդուժողականություն, զսվպածություն և հասարակությունը մերոնքների ու ձերոնքների չբաժանելու գործելաոճ», – ասաց նա։
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, թե իրենք չեն գնացել մերժողական ճանապարհով։
«Պատրաստ ենք եղել ու պատրաստ ենք երկխոսության, բայց ոչ երբեք վերջնագրերի», – նշեց նա։
ԱԺ փոխնախագահն ասաց, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չպետք է ունենան։
«Դեմոկրատիան դա մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար, ինձ համար անընդունելի է որևէ ճնշման միջոցով փորձել ազդել որևէ պատգամավորի կարծիք արտահայտելու վրա», – ասաց նա։
Է. Շարմազանովը նշեց, թե պրեսինգն անթույլատրելի է։
«Մենք այստեղ բոլորս հանրության ընտրյալներ ենք ու յուրաքանչյուրս մեր խղճի մտքով կընտրենք մեր վարչապետին կա՛մ դեմ, կա՛մ կողմ քվեարկությամբ», – ասաց նա։
Էդուարդ Շարմազանովը շեշտեց, թե այսօր ընտրում են ոչ թե համաժողովրդական տրիբուն կամ հռետոր, այլ՝ գործադիրի ղեկավար։
«Որը պետք է աչքի ընկնի քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ ու քաղաքական հստակ գաղափարախոսությամբ, կանխատեսելի նշանակում է հայեցակարգային հարցերում լինել հետևողական ու անփոփոխ», – ասաց նա։
Է. Շարմազանովը հարց ուղղեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, թե ո՞վ է լինելու նրա վարչապետության օրոք առաջին փոխվարչապետը, փոխվարչապետերը, պաշտպանության նախարարը, ֆինանսների նախարարը, ոստիկանության պետը, ԱԱԾ ղեկավարը։
«Ովքե՞ր, պատասխան չկա», – ասաց նա։
Նա նշեց, թե հույս ուներ վարչապետի թեկնածուից լսել հայեցակարգային ելույթ։
«Բայց ականատես եղա ժողովրդի ականջը շոյող ոչ ծրագրային ելույթի», – ասաց Է. Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ իրենք ևս մտահոգ են հայրենիքում առկա խնդիրներով։
«Մենք չենք ժխտում, որ մեր երկրում եղել է ու կա կոռուպցիա, անարդարություն ու, անկախ նրանից, թե ով կլինի վաղվա իշխանությունը, մենք պետք է խոսենք ոչ թե վերջնագրերով, այլ՝ երկխոսության գնանք», – ասաց նա։
Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն, ինչպես երեկ, այնպես էլ այսօր իրեն չհամոզեց։
«Ես չեմ տեսնում ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում, ինչպես ապրիլի 17-ին, այնպես էլ հիմա ասում եմ՝ եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, մեզ պետք է ուժեղ, միասնական, ժողովրդավարական ու ազգային Հայաստան», – ասաց Է. Շարմազանովը։
Աղբյուրը՝ aysor.am