Քվեարկությունից առաջ. Հայտնի է հաղթողն ու պարտվողը

Ազգային Ժողովը սկսել է Հայաստանի վարչապետի թեկնածուի քննարկումն, ու մի քանի ժամ անց լինելու է քվեարկությունը: Հայտնի է, որ թեկնածու առաջադրված է Նիկոլ Փաշինյանը, որին սատարելու մասին հայտարարել են Ելք, Ծառուկյան եւ ՀՅԴ խմբակցությունները:

Քվեարկությունից առաջ իրավիճակը փոխվում է շատ արագ: Եթե ապրիլի 30-ին կար համընդհանուր տպավորություն, որ ՀՀԿ-ն հակված է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին եւ հանգուցալուծել ներքաղաքական ճգնաժամը, տեղափոխել այն խորհրդարան, ապա հատուկ նիստից ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը տարածեց, որ կա տեղեկություն, թե Սերժ Սարգսյանի գլխավորությամբ փորձ է արվում տապալել Փաշինյանի քվեարկությունը:

Այդ սպասման մասին վկայեց նաեւ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում, որտեղ նա ուղղակի մեղադրեց Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին պատգամավորների վրա ճնշում բանեցնելու փորձի համար եւ հանրությանը դիմելով կոչ արեց դուրս գալ փողոց, որպեսզի իշխանությունը դարձյալ չգողանա համաժողովրդական հաղթանակը:

Մեղմ ասած քիչ հավանական չէ, որ մինչեւ երեկո, մինչեւ քվեարկության ժամը իրավիճակը դարձյալ փոխվի եւ նույնիսկ ոչ մեկ անգամ: Անորոշությունը բավական մեծ է եւ կպահպանվի թերեւս մինչեւ ամենավերջին պահը: Բայց, ստեղծված իրավիճակում մի բան է թերեւս որոշակի ու միարժեք: Իրավիճակը Հայաստանում զարգացել ու հասել է մի աստիճանի, որ այլեւս չի լինելու հաղթող կամ պարտվող կողմ: Որեւէ սցենարի պարագայում հաղթողը կամ պարտվողը լինելու է Հայաստանը:

Կողմերը միմյանց նկատմամբ անելիքն արդեն արել են, ինչ կարող էին: Մայիսի 1-ից իրավիճակն այլեւս զրոյացված է այդ առումով, եւ ներկայում դրված է Հայաստանի հաղթանակի կամ պարտության հարցը: Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը Փաշինյանի հաղթանակը չէ, եւ ոչ էլ նույնիսկ համաժողովրդական շարժման, որ գլխավորում է նա: Դա Հայաստանի հաղթանակն է, այդ թվում նրանց, ովքեր չեն եղել շարժման մեջ կամ կողքին:

Հայաստանի հաղթանակն է ոչ թե որովհետեւ իքս վարչապետին փոխարինում է Նիկոլ Փաշինյանը, որը ավելի լավ վարչապետ կարող է լինել, կամ ավելի ազնիվ կամ այդպիսի մի բան, այլ որովհետեւ Հայաստանը կարողանում է սահուն եւ անցնցում կերպով դուրս գալ ստեղծված ճգնաժամային իրավիճակց, արձանագրել նոր ստատուս-քվո եւ ցույց տալ բարդ իրավիճակում ոչ ստատիկ աշխատանքի իր պետական կենսունակությունը:

Ընդ որում, իրական եւ ամենածանր աշխատանքը դրանից հետո ոչ միայն չի ավարտվում, այլ նոր է միայն սկսվելու: Ավելին, ամենածանրը լինելու է հենց Նիկոլ Փաշինյանի, ոչ թե նրան «թվացյալ պարտվող» ՀՀԿ համար, ահա նաեւ, թե ինչու է կողմերից որեւէ մեկի հաղթանակն ու պարտությունը տվյալ պարագայում հարաբերական, իսկ Հայաստանի հաղթանակը կամ պարտությունը՝ դժբախտաբար կամ բարեբախտաբար բավական հստակ եւ միարժեք:

Դժբախտաբար այն դեպքի համար, եթե ՀՀԿ-ն չի գնում Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին քվեարկելու եւ խորացնում է ներքաղաքական ու ներհասարակական ճգնաժամը, որովհետեւ դա արդեն Հայաստանի պարտությունն է որեւէ պարագայում:

Եվ բարեբախտաբար, եթե ՀՀԿ-ն ի վերջո սահմանային իրավիճակում, մի կողմ թողնելով իր կառավարման դրական եւ բացասական իրողությունները, այդուհանդերձ կայացնում է պետական որոշում ու քվեարկում է Հայաստանի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հաղթանակի օգտին: Որովհետեւ դա Հայաստանի հաղթանակն է, որը առնվազն բացում է պետական զարգացման նոր հնարավորություն:

Դեռ հարց է իհարկե, թե ինչպես կօգտագործվի այդ հնարավորությունը հետագայում: Բայց, այդ դեպքում գոնե հստակ է, որ խոսքը կարող է լինել աշխատանքի հնարավորությունը բաց թողնելու մասին: Որովհետեւ հակառակ, մյուս դեպքում խոսքը կլինի ոչ թե աշխատանքի, այլ պետականության հնարավորությունը բաց թողնելու մասին:

Ըստ այդմ, ՀՀԿ առաջ խնդիրը ներկայում հաղթել կամ պարտվելը չէ, պարտությունից կամ իշխանության կորստից խուսափելը չէ, այլ հանկարծ Հայաստանին վերջնականապես պարտության չմատնելը, հանկարծ Հայաստանի նկատմամբ հաղթանակ չտանելը: Այդտեղ է հարցը: ՀՀԿ-ն քվեարկելով Նիկոլ Փաշինյանի օգտին, ոչ թե կորցնում է իշխանությունը, այլ պահում այն, պարզապես այդ բառի արդեն պետական-քաղաքական իմաստով, ինչը որակապես փոխում է Հայաստանը եւ դնում նոր հարթության վրա:

Նյութի աղբյուրը` Yelaket.am